ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ ինքը որևէ առնչություն չունի ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի հետ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, իր դատաքննական ցուցմունքում Պ. Հայրիկյանի դեմ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Վ.Սեդրակյանը նշեց նաև, որ դեպքի մասին իմացել է հեռուստատեսությունից:
Ամբաստանյալը նշեց, որ իր դեմ միակ ապացույցն ամբաստանյալ Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքն է, ըստ որի «իբր, ասել եմ, որ Պ.Հայրիկյանին պետք է վախեցնել»: Վ.Սեդրակյանը հիշեցրեց, որ Ս.Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ Վ.Սեդրակյանը կապ չունի մահափորձի հետ, իսկ ինքը դա արել է Վ.Սեդրակյանից գումար շորթելու համար: Ամբաստանյալը հայտարարեց, որ իր և Ս.Հարությունյանի հարաբերություններն եղել են գործատուի և արհեստավորի հարաբերություններ, ինչով էլ բացատրվում է, մասնավորապես, դեպքից 23 օր առաջ իր հեռախոսահամարին Ս.Հարությունյանի հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգը: Ամբաստանյալն իր հերթին հարց ուղղեց մեղադրող կողմին՝ ո՞րն էր սպանության փորձ կազմակերպելու իր դրդապատճառը:
Վ.Սեդրակյանը նշեց, որ իր բանտում գտնվելու համար լուրջ պատճառ չի տեսնում, ուստի բարձրացրեց իր խափանման միջոց կալանավորումը գրավի կամ չհեռանալու ստորագրության փոխելու նպատակահարմարության հարցը:
Ամբաստանյալը չպատասխանեց տուժող Պ.Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի՝ Վ.Սեդրակյանի կողմից 100 հազար դոլարի վարկ վերցնելու կամ 4 մլն դոլարի խաղադրույքների մասին՝ «դա գործին չի առնչվում ու իրավունք ունի չպատասխանել իր անձին առնչվող հարցերին» պատճառաբանությամբ: Իսկ ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին իր մեքենան վաճառելու փաստը՝ տարաժամկետ վճարումների պայմանով, արտառոց չի համարում։ Նա նշեց, որ Խ.Պողոսյանին ճանաչում էր Ս.Հարությունյանի միջոցով և իր մեքենան կվաճառեր իրեն ծանոթ ցանկացած մարդու՝ նման պայմաններով:
Վ.Սեդրակյանը հիշեցրեց, որ հարցադրումներ անելիս պետք է հիշել, որ ինքը ՀՀ նախագահի թեկնածու է եղել և առաջվա պես վստահ է, որ լինելու է ՀՀ 4-րդ նախագահը:
Ի դեպ, դատարանն այսօր չանդրադարձավ Վ.Սեդրակյանի նկատմամբ խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությանը, քանի որ ամբաստանյալը պնդելով հանդերձ հրաժարվեց միջնորդությունից։ Խնդիրն այն է, որ պաշտպանական կողմն ի հիմնավորումն Վ.Սեդրակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը փոխելու միջնորդության՝ ներկայացրել էր նաեւ տեղեկանքներ նրա առողջական վիճակի մասին՝ նշելով, որ ամբաստանյալը լյարդի հետ կապված խնդիրներ ունի, հիվանդանոցից ու քրեակատարողական հիմնարկից բերված տեղեկանքները բնօրինակներ չէին:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 20-ին, որի ժամանակ ցուցմունքներ կտան մյուս երկու ամբաստանյալները, ովքեր դատարանից ժամանակ խնդրեցին ցուցմունք տալուն պատրաստվելու համար: