Armenpress.am-ը գրում է․

Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայում Լիդիա Մուխարինսկայայի հիշատակին նվիրված 18-րդ միջազգային գիտական ընթերցումների և էթնոմշակույթի միջազգային համաժողովի շրջանակներում ապրիլի 2-ին կազմակերպվել են «Виват, Армения! К 150-летия Комитаса (1869-1935)» խորագիրը կրող քննարկումներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Քննարկումների բացմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում Հայաստանի դեսպանության կցորդ Սուրեն Ավետիսյանը, ով իր ողջույնի խոսքում նշեց Կոմիտաս վարդապետի առանձնահատուկ դերակատարությունը հայ եկեղեցական և ժողովրդական երաժշտության պատմության մեջ: Միաժամանակ ընդգծվեց, որ Կոմիտասի ստեղծագործությունները՝ դեռ վարդապետի օրոք լայն տարածում են ստացել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր ծայրերում, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ի նշանավորումն կերտած մշակութային ժառանգության, Կոմիտասի հոբելյանը ներառել է «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» 2018-2019թթ. իր օրացույցում:
Այնուհետ Բելառուսի երաժշտության պետական ակադեմիայի սաները հանդես եկան զեկույցներով՝ «Կոմիտասը և Նարեկացին․ հայկական մշակույթի երկու ոգիներ» և «Կոմիտասը որպես հայկական եկեղեցական երաժշտության ռեֆորմատոր («Պատարագի» օրինակով)» թեմաներով։ Նշյալ թեմաներով հանդես եկած զեկուցողներին հանձնվեցին Բելառուսում Հայաստանի դեսպանության շնորհակալագրեր, ինչպես նաև հայ երաժշտությանը նվիրված գրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել