Yerevan.today-ը գրում է․

2018-ի ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունների ժամանակ բոլորը դարձել էին տնտեսագետներ և «հեղինակավոր» կարծիքներ էին հայտնում արտաքին պարտքի չափի, դրա առաջացման եւ արդյունավետ ծախսել-չծախսելու մասին։ Որպեսզի պարզ լինի, թե այդ քննարկումները որքանո՞վ էին «մասնագիտացված» եւ «հեղինակավոր», հիշեցնենք ՀՀ արտաքին պարտքի առաջացման եւ ծախսման արդյունավետության մասին նրանց գլխավոր հիմնավորումներից մեկը՝ «Մոնումենտի ճամփի ասաբնյակները բա ինչո՞վ են կառուցել»։

«Հպարտ առաջնորդը» տարբեր առիթներով մշտապես հայտարարում էր, որ ինքը դեմ է արտաքին պարտքի ավելացմանը։ Հայտարարում էր մինչեւ իշխանության գալը եւ բնականաբար հակառակն է ասում հիմա։ Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտաքին պարտքի շեմը ՀՆԱ-ի նկատմամբ 10 տոկոս բարձրացնելու եւ 70 տոկոսի հասցնելու հարցի շուրջ «մտածելու» մասին։ Ի՞նչ է դա նշանակում։ Հարցին պատասխանելու համար անդրադառնանք, թե ինչպիսի՞ կացություն է այս պահին արտաքին պարտքի հետ կապված։

Նախ՝ հիշեցնենք, որ 2007 թ․-ի վերջին Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 1 մլրդ 488 մլն դոլար էր, որը Հայաստանի տնտեսության ծավալի՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 6 տոկոսն էր։ Երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման 7-8 տարիներին բարձր՝ երկնիշ տնտեսական աճի շնորհիվ արտաքին պարտք վերցնելու մեծ անհրաժեշտություն չի եղել։

2008 թ․-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, որը լրջորեն հարվածեց Հայաստանի տնտեսությանը եւ որի հետեւանքով 2009 թ․-ին ավելի քան 14 տոկոս տնտեսական անկում ունեցանք, Հայաստանի կառավարությունը ավելացրեց արտաքին պարտքը։ Նպատակը սոցիալական անհրաժեշտ ծախսեր կատարելն էր, քանի որ ճգնաժամի պատճառով նվազել էին նաեւ բյուջեի եկամուտները։ 10 տարվա ընթացքում արտաքին պարտքն ավելացավ՝ 2017թ․ ավարտին հասնելով 5 մլրդ 494 մլն դոլարի։ Այսինքն, անցած 10 տարիների ընթացքում միջին տարեկան արտաքին պարտքն ավելացել է մոտ 400 մլն դոլարով եւ 2017 թ․-ին կազմել համախառն ներքին արդյունքի մոտ 45 տոկոսը։

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, ապա արդեն հայտարավել է, որ 2019 թ․-ին արտաքին պարտքը կավելանա 491 մլն դոլարով։ Այսինքն, նախորդ իշխանությունը միջին տարեկան վերցրել է մոտ 400 մլն դոլար արտաքին պարտք, որի մեծ մասը պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները վերացնելու անհրաժեշտությամբ, ապա այսօր, նախորդներին արտաքին պարտքի ավելացման համար քննադատող Նիկոլ Փաշինյանը մտադիր է վերցնել մոտ 500 մլն դոլարի պարտք։ Սա այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամ չկա։ Փոխարենը կա ներքին տնտեսական ճգնաժամ, որը օր-օրի ահագնանում է, որքան էլ ազգային վիճակագրական ծառայությունը փորձում է վարդագույն ներկայացնել տնետսական կացությունը։

Նշենք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն իսկ ավելացրել է արտաքին պարտքը։ Եթե 2018 թ․-ի ապրիլի 30-ին ՀՀ արտաքին պարտքը կազմում էր 5 մլրդ 533 մլն դոլար, ապա հունվարի 31-ին՝ 5 մլրդ 547 մլն դոլար։ Եթե սրան այս տարվա ընթացքում ավելանա եւս 490 մլն դոլար, ապա մեր արտաքին պարտքի շեմն այս տարի կգերազանցի 6 մլրդ դոլարը։ Սա բավական չէ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է այդ ցուցանիշը եւս ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը եւս 10 տոկոսով ավելացնելու մասին։ Այսինքն, սա նշանակում է, որ մեր արտաքին պարտքը կավելանա նվազագույնը եւս 2 մլրդ դոլարով, հասնելով 8 մլրդ դոլարի։ Սա է արտաքին պարտքի ավելացմանը դեմ արտահայտվող Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը։

Ընդ որում, առավել վտանգավորն այստեղ ոչ այնքան պարտքի նման կտրուկ ավելացումն է, որքան դրան զուգահեռ երկրի տնտեսական հետընթացը։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանից հետո մենք իսկապես ծանրագույն վիճակում ենք հայտնվելու արտաքին պարտքի մասով։ Սակայն արտաքին պարտքի մասին ոչ վաղ անցյալում «հեղինակավոր» դատողություններ անողները հիմա մոռացել են, թե ինչ էին ասում 10 ամիս առաջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել