Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին կոչ է արել բոյկոտել Բրունեյի իշխանություններին պատկանող հյուրանոցները, քանի որ պետությունը մահապատիժ է սահմանում միասեռական կապի համար, գրում է Deadline-ը։

Պորտալում հրապարակած իր հոդվածում դերասանը հստակեցրել է, որ ապրիլի 3-ից երկրում օրենք կսահմանվի, որի համաձայն՝ միասեռականներին կքարկոծեն։ Նա հիշեցրել է, որ Բրունեյը ներառված է ամենահարուստ պետությունների հնգյակում, իսկ Բրունեյի սուլթանն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է։

Քլունին ինը հյուրանոց է նշել, որոնք ենթակա են երկրի իշխանությունների վերահսկողությանը և ընթերցողներին խնդրել բոյկոտել դրանք։

«Դրանք լավ հյուրանոցներ են։ Մարդիկ, որոնք այնտեղ են աշխատում, բարի են և օգնություն ցուցաբերող և այդ օբյեկտների սեփականատերերի հետ ոչ մի կապ չունեն։ Բայց եկեք հստակեցնենք, որ յուրաքանչյուր անգամ, երբ մենք այնտեղ ենք կանգ առնում, ընթրում կամ ճաշում, մենք գումար ենք դնում այն մարդկանց գրպանը, որոնք թույլատրում են քարկոծել իրենց քաղաքացիներին միայն այն բանի համար, որ նրանք միասեռական են կամ շնության մեջ են մեղադրվում»,-գրել է դերասանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել