Armtimes.com-ը գրում է․
Մենք երբեք մշակույթի նախարարությունից որեւէ շնորհավորանք չենք ստացել, ինչպես սովորաբար ընդունված է անել: Հնարավոր է՝ դա բացարձակ անտեղյակության հետեւանք է եւ նախարարությունում չգիտեն, որ ընդունված կարգ կա, ու որ այդպես բոլոր տեղերում են անում: Այս մասին լրագրողներին հայտնեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Վերջինիս խոսքով՝ Նազենի Ղարիբյանը երբեւէ Օպերային թատրոնի ներկայացումներին չի գնացել: «Գուցե չգիտի, եւ կարծում է, որ այստեղ ոչինչ չի կատարվում: Բոլորովին չեմ զարամանա, եթե Նազենի Ղարիբյանը տեղյակ էլ չլիներ, որ մենք մեկ օր առաջ հերթական մրցանակն էինք ստացել»,-ասաց Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով մեկ օր առաջ թատրոնի ստացած «Արտավազդ» մրցանակին եւ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի կողմից ստորագրված ազատման հրամանին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնստանտին Օրբելայնն ազատվել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից:
Օրբելյանը վստահեցրեց, որ այն ամենը, ինչն ինքն է արել Օպերային թատրոնի համար իր պաշտոնավարման մեկուկես տարիների ընթացքում՝ չլսված բան է. «Զրոյից հյուրախաղեր անել դեպի Մեծ թատրոն, դեպի Դուբայ, մենք հսկայական աշխատանք ենք արել: «Չիպոլինո» մանակական ներկայացման հետ կապված եւս եթե ես դա չբերեի, մենք չէինք արժանանա նաեւ «Արտավազդ» մրցանակին»,-ասաց Օրբելյանը՝ նշելով, որ «Չիպոլինիո» ներկայացման դեկորները եւ հագուստները Մոսկվայի Մեծ թատրոնից բերվել են իր նախաձեռնությամբ եւ մեծ ջանքերի արդյունքում:
Կոնստանտին Օրբելյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ Օպերային թատրոնն ամբողջ հայության եւ Հայաստանի համար ամենակարեւոր կենտրոններից մեկն է. «Տեսնենք, թե ինչ կստացվի, եւ ինչպես կլուծվի այդ խնդիրը: Անկախ ամեն ինչից ինձ շատ հաճելի էր, որ Թատրոնի կոլեկտվը նման կերպ արձագանքեց»:
Նշենք, որ վաղը՝ մարտի 30-ին, ժամը 16:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ողջ անձնակազմը հանդիպում է պահանջում մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ: Նրանք դեմ են Օրբելյանի ազատմանը, պահանջում են վերանայել հարցը: