2018թ. գարնանը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից հետո իշխանական ամենաբարձր մակարդակով սկսեց շահարկվել Մարտի 1-ի թեման: Տեղի ունեցան հարցաքննություններ, ցուցադրաբար հարուցվեցին քրեական գործեր, եղան մերկապարանոց հայտարարություններ այն մասին, որ այդ օրերին եղել է ուժ կիրառելու հրաման իշխանությունների կողմից: 

Այս հարցին անդրադարձել էր 2008թ. իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը, ով նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միշտ խուսափել է բախումներից և ուժի կիրառմանը դեմ է եղել: Այս թեմայով հարցազրույց էր տվել նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ով 2008 թ․-ին զբաղեցնում էր ՀՀ ՊՆ օպերատիվ վարչության պետի պաշտոնը: «Մարտի 1-ին բանակին կրակելու հրաման չի տրվել: Բանակը չի կրակել, եթե կրակել են, կրակել են անհատ զինծառայողներ»,- ասել էր Դավթյանը:

Ի՞նչ է ստացվում. 2008թ. իրադարձությունների ժամանակ ուժային կառույցների ղեկավարները միաբերան հայտարարում ու հաստատում են, որ իրենց ուժ կիրառելու հրաման չի տրվել, սակայն ներկայիս պետական ողջ ապարատը լծված է հակառակն ապացուցելու գործին: Սրա վառ ապացույցն այն է, որ իշխանամետ լրատվամիջոցները լուսաբանում են ոչ թե 2008-ի իրադարձություններին մասնակցած անձանց փաստական մեկնաբանությունները, այլ այդ դեպքերի հետ որևէ առնչություն չունեցող Վահան Շիրխանյանի, Անդրանիկ Քոչարյանի և այլ քաղաքականապես մաշված դեմքերի հորինվածքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել