«Հետապնդումների և ոչնչացումների դարավոր քաղաքականությունը արել է իր կործանարար գործը. ողջ ստեղծագործական տարրերը, հայ մտավորականությունը, արդյունաբերական աշխատանքը և կապիտալը հայտնվել են հայրենիքից դուրս… Հայերն ստիպված էին իրենց եռանդն ու գիտելիքը հայրենիքից դուրս ներդնելու ոչ թե իրենց հայրենիքից օտարված լինելու պատճառով, այլ հայ ժողովրդի և Հայաստանի տխուր պատմական ճակատագրի հետևանքով… Արդյունաբերողները, առևտրականները, ֆինանսիստները և քաղաքային գործիչները, արհեստավորները, ինժեներները, բժիշկները, իրավաբանները, մանկավարժները և քաղաքացիական կյանքի բոլոր ոլորտների գործիչները, աշխատասեր գյուղացիությունը և բանվորները, ովքեր իրենց բարեկեցությունը ստեղծել են Մերձկասպյան տարածքներում, նրանք բոլորը հասկանում են Այսրկովկասում ազգային-տարածքային կազմավորումների տանող վերջին շրջանի գործընթացները: Նրանց բոլորին քաշում է իրենց պատմական հայրենիքը` Հայաստանը, որտեղ կուզենան և կկարողանան ստեղծել նույն բարեկեցությունը ինչպես իրենց, այնպես էլ` իրենց ժողովրդի համար: Վստահ կարող ենք ասել, որ Արևելյան Այսրկովկասի հայ բնակչությունը կդառնա հայկական պետականության կարևոր հիմնաքարերից մեկը, և իր մշակութային-տնտեսական ուժին համապատասխան դեր կունենա իր հին և միաժամանակ նոր հայրենիքում, հենց որ դա հնարավոր դառնա»:
Սա մի փոքրիկ հատված է Բաքվի հայ բնակչության ներկայացուցիչների` ամերիկացի գեներալ Ջ. Խարբորդին 1919թ. հոկտեմբերի 4-ին գրված ընդարձակ նամակից: Հատկանշական է, որ այս նամակը գրվել է 1919թ., այսինքն՝ այն ընթացքում, երբ շուրջ երկու տարի Բաքվում, Ղարաբաղում և Ելիզավետպոլի այլ գավառներում (Նուխի, Արեշ, Գյոքչա…) տեղի էին ունենում հայկական կոտորածներ, իսկ 1918թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցած հայերի ահռելի ջարդերը և ունեցվածքի կողոպուտը շարունակվում էին: Այլ կերպ ասած՝ Բաքվի (և ապագա Ադրբեջանի) հայկական կապիտալը հայերի տնօրինումից անցնում էր նոր տերերին: Նոր բան չէ, և միայն հայերի հետ չի սա կատարվել: Ինչո՞ւ եմ ես հիմա սա հիշեցնում: 1919թ. Բավքի հայերը ամերիկացի գեներալին վստահեցնում են, որ իրենց հայրենիքում լինելու դեպքում իրենք նույնքան պատրաստակամ են և կարող են ստեղծել բարեկեցության բոլոր պայմանները: Ինչո՞ւմն է ուրեմն հայերի խնդիրն այսօր: Ինչո՞ւ մենք մեր հայրենիքում չենք կարողանում ստեղծել նյութական և հոգևոր հարստության այն նույն պայմանները, ինչ կարողացել ենք անել, մեղմ ասած, ոչ բարեկամական պայմաններ ունեցող տարածքներում: Ինչո՞ւ այսօր կարողանում ենք նույնն անել այլ երկրներում: Ինչո՞ւ Հայաստանը չի շենանում: Ինչո՞ւ Հայաստանից հեռանում են ոչ միայն անկարողները, այլև գործարարները, և իրենց եռանդը, ստեղծագործական միտքն ու կարողությունները ներդնում են «օտար ափերում»: Ինչո՞ւ «օտար ափերում» հայ գործարարներն ավելի մեծ հնարավորություններ ունեն: Մի՞թե պատմությունը քիչ դասեր է տվել այդ անհեռանկար ուղու մասին: Մի՞թե ամենուր և միշտ միայն մեկ-երկու սերնդի ներդրման արդյունքները չունենք: Մի՞թե Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում հաջողություններ ունեցող գործարարների կապիտալին կարող ենք «հայկական կապիտալ» անվանել: Այն ռուսական, ամերիկյան… կապիտալ է: Եվ իրերի վիճակը չեն կարող փոխել բոլոր տեսակի «դրամահավաք մարաթոնները»: Դրանք նպաստում են միայն «հայկական կապիտալի» մասին առասպելի տարածմանը: Մինչդեռ այդ առասպելն արդեն վաղուց չի գործում: Հայաստանից դուրս չկա «հայկական կապիտալ»: Կան հայ գործարարներ: Ժամանակավոր: Միշտ` ժամանակավոր: «Հայկական կապիտալը» միայն այնտեղ է կապիտալ, որտեղ այն նպաստում է հայկական նոր կապիտալի կուտակմանը և զարգացմանը: Հայկական ստեղծագործ միտքը միայն Հայաստանում է դառնալու «հայկական կապիտալ», լինի դա տնտեսական, թե հասարակական, մշակութային… Նպաստելով «օտար ափերի» տնտեսական զարգացմանը, օտար ափերի «հայկական կապիտալը» փշրանքներ է տալու Հայաստանին: Եվ ճիշտ է անելու: Այն չի կարող «Հայաստանը պահել», ուր մնաց` շենացնել: Հիմա, երբ մեր վերջին քսանամյակի տնտեսական կառավարման համակարգն այլևս ապացուցել է իր սնանկությունը, երբ «մի խումբ մարդիկ» այդպես էլ մնում են «մի խումբ մարդիկ», երբ արդեն խլխլոցին նույն «մի խումբ մարդկանց» միջև է, երբ «մի խումբ մարդկանց» մեջ նորերը չեն հայտնվում, երբ այլ «խումբ մարդիկ» չեն առաջանում, ակնհայտ է, որ Հայաստանում լուրջ և արդեն անդառնալի դարձող տնտեսական ճգնաժամ է: Վաղուց անհրաժեշտ է ձևավորել և ներդնել «Նոր տնտեսական քաղաքականություն»: Եվ դա ամենևին մեր սիրելի վարչապետի «հայկական էթնոսֆերիկ» կապիտալը չի: Դա Հայաստանի հասարակությանը տոտալ սնանկացման տանող բանկերի վաշխառուական կապիտալը չի: Դա միայն, բացառապես միայն Հայաստանի ներսում զարգացող տնտեսական կապիտալն է: Տվյալ դեպքում, շրջափակված և բնական ռեսուրսներից մեծ չափով զուրկ Հայաստանում` թերևս գիտա-տնտեսական կապիտալը, զուգակցած արտահանման հնարավորություն ունեցող արդյունաբերական տնտեսությանը: «Սպասարկող», «Ծառայություններ մատուցող» կառույցները «տնտեսվարող սուբյեկտներ» անվանող երկիրը ստորագրում է իր սեփական տնտեսական կապիտալի մահախոսականը: Մտքի թռիչքը կանգնեցրած, նույն հարյուր, հազար, երկու հազար քառակուսի մետրի վրա քանդող-շինող երկիրը ստորագրում է շինարարական տնտեսության զարգացման մահախոսականը: Սնանկությունն ապացուցած արդի տնտեսական քաղաքականությունը իներցիայով շարունակելը հավասար է հանցագործության: Եթե խնդիրը միայն վարչակազմն է, այն պարզապես պետք է փոխել: Այն պարտավոր ենք փոխել: Եվ կազմակերպել կառավարման նոր համակարգ: Սակայն երբեմն ստիպված եմ մտածել, որ մենք չենք կարողանում «կառավարում» կազմակերպել: Մեր «կառավարումը» խանգարում է մեր մտքի թռիչքին: Մեր «կառավարումը» արգելափակում է մեր փնտրտուքը: Եթե յուրաքանչյուր անելանելի վիճակում կա առնվազն երկու ելք, ապա մենք անպայման պետք է գտնենք դրանցից առնվազն մեկը: Իսկապես չե՞նք կարողանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/208309402654677?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել