Yerkir.am-ը գրում է․

Ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Սբ Սոֆիայի տաճարը, որն ի սկզբանե եղել էր բյուզանդական քրիստոնեական տաճար, մզկիթ վերածելու հայտարարությանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, հղում անելով հունական լրատվամիջոցներին, վերահաստատել է, որ «համաշխարհային ժառանգություն» համարվող կառույցի կարգավիճակը փոխելը կպահանջի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատումը. տեղեկացնում է հունական ekathimerini.com կայքը:

6-րդ դարում կառուցված Սբ Սոֆիայի տաճարը համարվում էր հունական ուղղափառ եկեղեցու գլխավոր նստավայրը և մզկիթի էր վերածվել 1453 թ.` թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո, իսկ 1935 թ. Թուրքիայի աշխարհիկ առաջնորդ Աթաթուրքը մզկիթը վերածել էր թանգարանի:

Էրդողանը չորեքշաբթի վերահաստատել էր իր պնդումը` նշելով, որ թանգարանը մզկիթի վերածելու որոշումը պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու որոշման: Նա նաև հայտարարել էր. «Կոստանդնուպոլիսն այլևս գոյություն չի ունենա: Այս տարածքի անունը Իսլամ-բոլ (Իսլամով լի) է, և  դուք լավ գիտեք դա»:

Իր հերթին, Աթենքը Թուրքիային մեղադրում է հռետորաբանությամբ հունական օդային տարածքում քաղաքական անկայունություն և սրացում հրահրելու մեջ, ինչի հիմնական պատճառը Թուրքիայում կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրություններն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել