Նիկոլ Փաշինյանն ու Բորիս Ելցինը տրամագծորեն տարբեր մարդիկ են, բայց, այնուամենայնիվ, մի ընդհանրություն կարելի է գտնել․ երկուսն էլ տնտեսությունից ոչինչ չեն հասկանում, երկուսն էլ իրենց շրջապատում են հաշվապահ-տնտեսագետներով, երկուսն էլ անհետևողականության ու համառ բնավորության պատճառով խորացնում են սոցիալական անհավասարությունը։

Պետք է խոստովանենք, որ Փաշինյանն իսկապես բարի ցանկություններ ունի, իսկ այդ ցանկությունների հիմքում ավելի զարգացած պետություն ստեղծելու երազանքն է։ Ոչ ոք այս հարցի շուրջ չի վիճում։

Պետք է նաև արձանագրենք, որ սոցիալական անհավասարություն կոչվածը պարտադիր չի լինի միտումնավոր քաղաքականության հետևանք։ Այն գոյանում է հատկապես բարի ցանկությունների պատճառով, ցանկություններ, որոնց հիմքում ո՛չ հետևողականություն կա, ո՛չ պրոֆոսիոնալիզմ և ոչ էլ լայնախոհություն։

Գուշակեցի՞ք, խոսքը կառավարության հարկային քաղաքականության մասին է և մասնավորապես՝ համահարթեցված եկամտահարկի։

Այս հարցում կառավարող ուժը կարծես թե անդրդվելի է։ Խնդիր չկա։ Բայց պետք է հաշվի առնենք, որ սա հակահեղափոխական մոտեցում է, որի ներգործության պայմաններում տնտեսական հեղափոխության մասին խոսակցություններն անլուրջ են դառնում։ Ավելի շուտ տնտեսական հեղափոխություն լինելու է, բայց մարդկային փոքր խավի՝ Փաշինյանի ձևակերպմամբ՝ արդի ժամանակաշրջանի հերոսների համար։

Սա ծանր ժառանգություն է, որը դուք թողնում ենք ձեզնից հետո եկողներին։ Որոշ ժամանակ անց կառավարությունը տնտեսական հեղափոխության մասին կենացներ ասելու փոխարեն ստիպված է լինելու տենդագին որոշումներով զսպել անտեր մնացած 80 հազար դրամ ստացող մարդկանց սոցիալական բունտը։

Պարոն վարչապետ, վերջում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանինց ու Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից ոչ ոք ոչինչ չի պահանջելու, ամբողջ պատասխանատվությունը Ձեր ուսերին է։ ԱԺ ամբիոնից մունաթ գալուց ու հակասոցիալական մտքեր արտահայտելուց առաջ արժե մի փոքր մտածել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել