Operativ.am-ը գրում է․

«Գազպրոմ Արմենիայի» մարժան վերլուծվում է, ընկերության և կառավարության միջև բանակցությունները շարունակվում են: Պայմանավորվածություն կա, որ այս հարցը այսպես թե այնպես 2019 թ.-ին չի վերաբերելու: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բանակցություններն ընթանում են, և վերլուծական աշխատանքներն էլ են ընթանում: Երբ որ քննարկումների, բանակցությունների արդյունքում լինի ավելի կոնկրետ տեղեկատվություն, բնականաբար, միանգամից կհրապարակենք»,- հայտնեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի կարծիքով՝ բանակցությունների արդյունքում պետք է գալ նաև մի իրավիճակի, որ գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացվի տնտեսական հարաբերություններից: «Թե՛ «Գազպրոմ Արմենիայի», թե՛ «Գազպրոմ խմբի» հետ բանակցությունները գազի գնի շուրջ, կարծում եմ, պերմանենտ պրոցես են, և միշտ պետք է ընթանան: Ընդ որում, տրադիցիոն գազի գինը սահմանին ֆիքսվում է յուրաքանչյուր տարի, ինչը նույնպես հարց է, և բանակցությունների արդյունքում պետք է գանք մի իրավիճակի, որպեսզի գին ֆիքսելու մեկ տարվա մշակույթը վերացնենք ուղղակի մեր տնտեսական հարաբերություններից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ» ընկերությունը Հայաստան մատակարարվող գինը բարձրացնում է՝ 1000 խմ գազի գինը 150 դարձնելով 165 դոլար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանին գազի գնի փոփոխությունից հետո հայտարարեց, որ հայաստանյան սպառողների համար գազի գնի բարձրացում տեղի չի ունենա:

Գազի գնի շուրջ տարվող բանակցությունների մասին հարցը բարձրաձայնող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն ասաց. «Ֆինանսական ճեղքը ներկայումս ձևավորվում է, հետևաբար վաղ թե ուշ պետք է անդրադառնալ այդ ճեղքը փակելու հարցին»:

Դիտարկմանն ի պատասխան՝ Մհեր Գրիգորյանը նշեց. «Խոսքը վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» և «Գազպրոմ խումբ» հարաբերություններին:

Եթե ճեղք է առաջանում, ապա առաջանում է մայր կազմակերպության և դուստր կազմակերպության հարաբերություններում: Հեչ պարտադիր չէ, որ գոյացած ճեղքը դառնա մեր բեռը, չկա նման բան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել