Նորմալ է, որ երկրի բնակչության մեծ մասը կարող է վարկային պարտավորություններ ունենալ: Աշխարհի բոլոր զարգացած երկրներում էլ մարդիկ վարկեր են վերցնում և տարիներ շարունակ փակում, և դա նորմալ է: Սակայն դա նորմալ է այն դեպքում, երբ կան կանխատեսելի պայմաններ: Այսինքն՝ մարդն աշխատում է, ստանում է ամեն ամիս ստաբիլ աշխատավարձ կամ բիզնես ունի, եկամուտ է ստանում, իր համար պարզ է, թե քանի տարի հետո է իր ներկայիս աշխատավարձը, եկամուտը բարձրանալու, հստակ է, թե քանի տարի է տվյալ վայրում աշխատելու, կարճ ասած՝ ապահովագրված է անկանխատեսելի իրավիճակներից:
Հայաստանում այս մասով վիճակն անմխիթար է։ Միայն երկու օրինակ բերեմ, թե ինչու չի կարող մշտական աշխատանք ունեցող մարդը վարկ վերցնել նույնիսկ ամենահարմար պայմաններով.
«Լիդիան Արմենիան» ուներ շուրջ 900 աշխատող, ովքեր Հայաստանի պայմաններում բավականին բարձր աշխատավարձ էին ստանում, այդ մարդիկ վարկ վերցնելու պահին չէին կարող կանխատեսել, որ իրենք մի քանի ամիս անց այլևս չեն աշխատելու, քանի որ թույլ չեն տալու հանքը շահագործել: Հետևաբար այս մարդիկ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո վերցրել են շատ լավ պայմաններով վարկեր, որոնք այսօր չեն կարողանում մարել, քանի որ ոչ թե, իրենց կանխատեսածի համաձայն, մի քանի տարի աշխատանքով ապահովված են, ունեն, այլ գործազուրկ են, ինչը վարկը վերցնելու պահին անհնար էր կանխատեսել:
Նույն վիճակում են Ալավերդու պղնձաձուլարանի մոտ 700 աշխատակիցները: Նույն վիճակում են նաև պետական հատվածում աշխատող այն բոլոր մարդիկ, ում պատրաստվում են կրճատել:
Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է. «Շատ կարևոր է, որ մարդը, երբ վարկ է վերցնում, իր ծախսերը պլանավորի, իր անելիքը պլանավորի, որ էդ վարկը սպասարկի։ Այո´, մենք տոկոսներն իջեցնենք, շատ դեպքերում արտոնյալ պայմաններով տանք, բայց մենք չենք կարող բանկերին ասել՝ վարկ ես տվել, հետ մի´ պահանջիր էդ վարկը»։
Ես համաձայն եմ նրա հետ, բայց Հայաստանի վարկառուների կարևորագույն խնդիրը ոչ թե այն է, որ իրենց անելիքը չեն պլանավորում, այլ, այսպես ասած, խաղի կանոնների, կայունության և կանխատեսելիության բացակայությունն է: Որևէ մեկը չգիտի՝ արդյոք իր կնքած աշխատանքային պայմանագիրը, իր բիզնեսը կայուն է, թե՞ վաղը կարող են իրեն աշխատանքից հեռացնել, տվյալ կազմակերպությունը փակել, հարկային այնպիսի պայմաններ ստեղծել, որ կազմակերպությունը փակվի և այսպես շարունակ:
Հենց այս պահին նույն կառավարությունը որոշել է գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքը համապատասխանաբար 60 և 50 անգամ բարձրացնել։ Հետաքրքրվե՞լ են արդյոք, թե ինչքան մարդ է անգործ մնալու, եթե դրանք փակվեն, այդ մարդիկ ունեն վարկեր, որոնք վերցրել էին՝ հաշվի առնելով այն փաստը, որ աշխատանք ունեն և չէին կարող կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է ընդունելու, ինչի պատճառով գործազուրկ են դառնալու կամ մնալու են առանց եկամտի:
Հետևաբար առաջին հերթին հենց այս հարցերի մասին պետք է մտածի կառավարությունը, այլ ոչ թե խորհուրդներ տա: Կառավարության հիմնական պարտականություններից է չստեղծել անկանխատեսելի պայմաններ բիզնես հատվածի, գործատուների և աշխատողների համար, ովքեր վարկեր վերցնելու պահին հստակ կանխատեսում են իրենց անելիքը, սակայն չեն կարող կանխատեսել կառավարության կողմից արհեստականորեն ստեղծված պայմանները: