Հիշենք Մեծերին: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ Փառք ու պատիվ:
Տիգրան Վարդանի Պետրոսյան (հունիս 17, 1929 – օգոստոս 13,1984)։ Շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն։ Մականունն էր «Երկաթե Տիգրան»՝ իր գրեթե անխորտակելի պաշտպանության համար (Վասիլև 1974:27) և (Կասպարով 2004:7, 16, 62, 80)։ Միջազգային կարգի գրոսմայստեր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային Մոսկփվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-1977), փիլիսոփայական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Ա. Էբրալիձեի գլխավորությամբ։ Առաջին հաջողություններն արձանագրել է Համամիութենական պատանեկան առաջնություններում։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թ. ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թ. առաջնության եզրափակչում գրավել է 16-րդ տեղը։ Մոսկվա տեղափոխվելուց հետո հիանալի արդյունքների է հասել։ 1950 թ. ԽՍՀՄ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ 1951 և 1956 թթ. մրցաշարերում մրցակցությունից դուրս էր։ 1951 թ. առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թ. միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել։ Այդ առաջնությունում նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Սկսած այդ ժամանակից՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թ. միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թ.՝ 3-4-րդը, 1962 թ.՝ 2-3-րդը։ 1959 թ. հավակնորդների մրցաշարում գրավել է 3-րդ տեղը։ 1962 թ. հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Մ. Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թ. և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ 1966 թ. Տ. Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բ.Սպասկիին։ 1969 թ. շախմատի աշխարհի առաջնության ժամանակ պարտվեց նույն Բ. Սպասկիին։ 1971 - 1980 թթ. շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ ԽՍՀՄ հավաքականի կազմի մեջ 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում։
Խաղաոճով Տիգրան Պետրոսյանը պահպանողական, զգույշ և վերին աստիճանի պաշտպանողական խաղաոճով շախմատիստ էր։ Նրա վրա մեծ ազդեցություն է թողել Նիմցովիչի կանխարգելման գաղափարը։ Նա ավելի շատ ջանքեր էր գործադրում հակառակորդի հարձակումները կանխելու համար, քան իր հարձակումները կազմակերպելու համար։ Նա շատ հազվադեպ էր հարձակվում. միայն այն դեպքում էր հարձակվում, երբ զգում էր, որ գտնվում է լիովին անվտանգ դիրքում։ Սովորաբար նա հաղթում էր՝ խաղալով հետևողականորեն, մինչև իր հակառակորդը սխալ թույլ տար։ Այսպիսով, նա հաղթում էր՝ օգտվելով հակառակորդի սխալներից և չբացահայտելով իր թույլ կողմերը։ Համբերատարությունը և պաշտպանվելու վարպետությունը Տիգրան Պետրոսյանին դարձնում էին դժվար պարտվող շախմատիստ։
Փարիզում գործում է Տիգրան Պետրոսյանի անվան ակումբ, որի նախագահն է Ֆրանկ-Վազգեն Բայրամյանը (Ֆրանսիա), պատվավոր նախագահը՝ շախմատի միջազգային կազմակերպիչ Գագիկ Հովհաննիսյանը (Հայաստան), քարտուղարը՝ Հելեն Բայրամյանը (Ֆրանսիա):
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=543431445715975&set=a.332605023465286.76655.328811793844609&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել