«Տեղահանութիւնն ու ջարդը անապատի ու գերեզմանատան փոխեցին Տաճկահայաստանը, սակայն հայութեան մոխիրներուն մէջէն Ռուսահայաստանը ծնաւ իբր փիւնիկ: Այժմ ալ հոն է մեր մխիթարութեան աղբիւրը, մեր յոյսերուն խարիսխը: Օգնենք այդ երկրին, ի՛նչ վարչաձեւի տակ ալ ըլլայ: Վարչաձեւը առօրեայ է, հայրենիքը՝ յաւիտեան»: Սա հայ գրող Մինաս Չերազի պատգամն է, որ արել է 1926թ. Փարիզում իր ծննդյան 6O ամյակին կազմակերպված հանդիսությանը: Եվ այսօր` շատ արդիական: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն պատգամի, որ մեր մեծ հայրենից մեզ մնացած այս փոքր հատվածից յուրաքանչյուրիս մեկնումը ավելի է փոքրացնում այն: Եթե անկախ Հայաստանի «վարչակազմերը» ոչ մեկը մեր հասարակության մեջ քննություն չբռնեց, հավանաբար մեզնից յուրաքանչյուրը մտածելու բան ունի ինքն իր մասին: Ո՞վ պիտի բռնի այն մարդկանց ձեռքը, ովքեր հյուծում են մեր հայրենիքը: Ռուսատա՞նը: Եվրոպա՞ն: ԱՄՆ՞-ը: Ուրեմն էլ ի՞նչ անկախ Հայաստան: Մենք և միայն մենք պետք է բռնենք այդ մարդկանց ձեռքը: Մենք և միայն մենք ենք պատասխանատու մեր հայրենիքի համար: Մենք և միայն մենք պիտի շենացնենք այն տարածքը, որ այսպես անխնա շահագործում է «վարչակազմը»: Բոլշևիկյան Հայաստանի վարչաձևին չհամակերպվողները քսանականներին հեռացան Հայաստանից, իսկ ովքեր մնացին, ընկան ստալինյան մամլիչի տակ: Մյուսները համակերպվեցին: Հիմա նույնպես վարչաձևից դժգոհները հեռանում են մեր հայրենիքից: Մյուսներին դատապարտում են նոր հնարավոր մամլիչի տակ մնալո՞ւ: Որքան գնանք, այնքան հզորացնում ենք մամլիչի հնարավորությունը: Մենք և միայն մենք ենք պատասխանատու նոր մամլիչի պոտենցիալ հնարավորության համար: Մեր ժողովուրդը բարոյական ժողովուրդ է: Մեր վարչակազմն է անբարոյականը: Գուցե խնդիրը ոչ թե «վարչակազմի», այլ «վարչաձևի՞» մեջ է: Գուցե մենք այսքան վուլգար «լիբերալ տնտեսություն»-ը չպիտի՞ որդեգրեինք: Գուցե պետական-ազգային սեփականությունը պետք է հավասարակշռե՞ր այսքան կոշտ-բացարձակ մասնավոր սեփականաձևը: Գուցե կառավարությունը պետք է տնտեսական գործունությո՞ւն իրականացներ: Գուցե նույնիսկ այն պետք է գերակշռեր մասնավորի՞ն: Մեր փոքր երկրում «մասնավորին» թողնելով մեր ողջ տնտեսությունը` գուցե վտանգո՞ւմ ենք ողջ ազգային անվտանգությունը: Եկեք մտածենք, լուծում գտնենք, բայց գնալը հաստատ լուծում չէ: Գնալը «վարչակազմի» հետ համաձայնություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/208277105991240?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել