Զորամասերում «յախշիների» խնդիրը միշտ արդիական ա եղել ու շարունակում ա էդպիսին մնալ։ Իհարկե, էսօրվա իրավիճակը համեմատելի չէ նախորդ տարիների իրավիճակի հետ, բայց նույն Մեղրիի զորամասի դեպքը ցույց ա տալիս, որ խնդիրը կա ու կարող ա լուրջ վտանգների առաջ կանգնեցնել բանակը։ Պետք ա ֆիքսել, որ խնդիրը բանակում չի ստեղծվում։ Էդ ախտը ձևավորվում ա զորամասերի պատերից դուրս, ու հասարակությունն ա դա ծնում, ինչից հետո «հարուցիչները» թափանցում են բանակ ու սկսում վարակել անգամ առողջ մարմինները։ Իհարկե, «հարուցիչն» իր սև գործն անում ա, եթե կա դրա համար բարենպաստ միջավայր, և «հակամարմինը» ժամանակին չի «ներարկվում»։ Էսպես կոչված «յախշիների» գոյությունը ներբանակային տիրույթում չի կարելի պայմանավորել միայն ժամկետային զինծառայողների մտածելակերպով, գաղափարներով, բարքով։
Էստեղ շատ մեծ ա հրամանատարական կազմի պատասխանատվության բաժինը, որովհետև նույն «յախշիների» գոյության, էսպես ասած, երաշխավորները, նրանց «պռախոդ» տվողները հենց հրամանատարներն են։ Պատճառները տարբեր են (ծանոթ-բարեկամ «սիստեմ», սպաների թուլություն և այլն)։ Պատճառներից առավել հաճախ հանդիպողը սպաների «գլուխ պահելն» ու հանգիստ ապրելու ձգտումն ա։ Սովետական բերդերի օրինակով՝ սպաներն ավելի հեշտ ճանապարհ են համարում ակտիվ ու զինծառայողների շրջանում որոշակի հեղինակություն ունեցող զինվորներին արտոնություններ տալն ու դրա դիմաց ազատ ժամանակ ու անցավ «գլուխ» ունենալը (քանի որ արտոնյալը կամ «յախշին» զորքի «թամամը» կպահի», իրենց էլ անելու բան չի մնա)։ Մոտավորապես նույն իրավիճակը Մեղրիում ա եղել։ Ինչ-որ զինվոր առանձին սենյակ ա ունեցել, տարբեր արտոնություններ ա ստացել, իսկ հրամանատարի տեղակալներից մեկն անմեղ գառան պես հարցազրույց ա տալիս ու փորձում համոզել, թե իրենք ամեն հնարավոր բան արել են, ու նշում ա նաև, թե բողոքի «ցույցից» հետո նույնիսկ զիջումների են գնացել։ Սենց սպաներն իրավունք չունեն «հրամանատար» կոչվելու։ Սենց սպաների տեղը զորամասերը չեն։ Առաջին հերթին հենց նրա՛նք պիտի պատժվեն։
Մեկ այլ խնդիր ու արատավոր երևույթ ա ժամկետային զինծառայողների ծնողների կողմից անձնական շահի համար պետությանը հարվածելը։ Երբ զինծառայողին Մեղրիից տեղափոխում են Արցախ, չի կարելի դա ներկայացնել որպես պատիժ։ Չի կարելի ասել. «Իմ որդին պիտի պատժվի, բայց բերեք, Հայաստանում պատժեք, ոչ թե տարեք Ղարաբաղ»։ Սա վտանգավոր դիսկուրս ա, ու ավելի վտանգավոր ա, որ զինվորների ծնողներն են այն ձևավորում։ Պետք ա մարդկանց հետ բացատրական աշխատանքներ տանել։ Պետք ա օգտագործել մեդիան ու էս դիսկուրսի դեմն առնել, որովհետև հայտնի «լրատվամիջոցներն» Արցախի ու Հայաստանի միջև արդեն զինվորների ծնողների միջոցով են փորձում սեպ խրել։