Armenpress.am-ը գրում է.

Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մարտի 18-21-ը  կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառումների շրջանակում մարտի 21-ին տեղի է ունեցել Դաշինքում համատարմագրված ՖՄԿ անդամ պետությունների առաքելությունների մասնակցությամբ ընդունելություն, որի ընթացքում որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը նախագահող պետության ներկայացուցիչ բացման խոսքով հանդես է եկել ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահության առաջնայնությունները։

Իր խոսքում Գագիկ Հովհաննիսյանը, ընդգծելով ֆրանսերեն լեզվին և ֆրանկոֆոն մշակույթին Հայաստանի նվիրվածությունը, ներկայացրել է 2018թ. հոկտեմբերին Երևանում «Ապրել միասին» խորագրով կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի արդյունքները և մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում նախատեսվող առանցքային միջոցառումները։

Գագիկ Հովհաննիսյանի ֆրանսերեն լեզվով ելույթից հետո միջոցառման մասնակիցները, ի թիվս այլոց, հնարավորություն են ունեցել  համտեսելու հայկական տաղավարում ներկայացված հայաստանյան արտադրության կոնյակների և գինիների լավագույն նմուշները։

Հիշյալ միջոցառմանը ներկա են գտնվել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մի շարք դեսպաններ և Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել