Մեղրիի զորամասի աղմկահարույց դեպքը ևս մեկ անգամ ապացուցում ա էն պարզ ճշմարտությունը, որ բանակում առկա խնդիրներից կարևորագույնը զինծառայողների՝ ծառայության կարևորության ընկալումը և ոչ կանոնադրային հարաբերություններն են։ Արհեստավարժ բանակ ունենալու համար անհրաժեշտ են տեսական և պրակտիկ գիտելիքներ, սակայն գիտելիքն առանց կարգապահության գրեթե անօգուտ ա։ Խնդիրը ոչ թե ռազմական, այլ կրթական և բարոյահոգեբանական տիրույթում ա։ Էս խնդրի լուծման ճիշտ ճանապարհը դպրոցներում ՆԶՊ առարկայի դասավանդման ձևի և բովանդակության որոշակի փոփոխությունից պիտի սկսվի, ինչի մասին էլի եմ խոսել (հղումն՝ այստեղ)։ Պետք ա հասկանալ, որ բանակում ծառայում են տարբեր ընտանիքների, գաղափարների, վարքի, սովորությունների տեր մարդիկ, և շատ բարդ ա, օրինակ, «քուչում» մեծացած ու բանակից խուսափելու համար ջանք չխնայած տղային արդեն բանակում համոզելը, որ ծառայությունը լավ ու անհրաժեշտ բան ա։ 

Տարբեր ընտանիքներից դուրս եկած և տարբեր արժեքներ ու գաղափարներ ունեցող երիտասարդները մինչբանակային կյանքում ունեցել/ունենում են մեկ այլ ընդհանուր միջավայր՝ դպրոցը։ Պետք ա վերջապես սա հասկանալ ու կարգապահ, մարտունակ բանակ ունենալու ուղղությամբ աշխատել դեռ դպրոցից՝ աշակերտներին ճիշտ ուղի ցույց տալով և մտածելու, արժեքները վերանայելու լավ նյութ տալով։ Եթե դպրոցում կարողացար աշակերտին հաղորդակից դարձնել զինծառայության իրական իմաստին ու կարևորությանը, գործնական պարապմունքներով, խաղերով ու բացատրական աշխատանքներով սեր արթնացնել բանակի նկատմամբ ու առաջարկել ավելին, քան պարզապես քուչի «լյավ տղու» բառապաշարն ու հոգեբանությունը, ապա մարտունակ, կարգապահ, նվիրված զինծառայող կպարգևես բանակին ու պետությանը, ինչն էլ իր հերթին վերջ կդնի բանակում արմատներ գցած բացասական մի շարք երևույթների։ 

ՀԳ. Մեղրիի զորամասի կարգազանց զինծառայողները, միանշանակ, պիտի պատժվեն, որովհետև էս ուղղակի պուճուր դեպք չէր, այլ շա՜տ վտանգավոր նախադեպ (խաղաղապահների գնդի դեպքը չհաշված)։ 

Epress.am-ին և «Ազատություն» ռադիոկայանին էլ խորհուրդս հետևյալն ա. հանգի՛ստ նստեք տեղներդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել