Վերջին շրջանում տագնապներով, հաղթանակներով, անորոշությամբ և, այդուհանդերձ, ձեռքբերումներով ապրող Համազգայինի թատրոնն ի վերջո մշտական հասցե կունենա։
Երեկ տեղի ունեցավ Համազգայինի թատրոնի շենքի հիմնարկեքը․ սա նշանակում է, որ մեր քսանութամյա թատրոնն ի վերջո կունենա իր սեփական բեմն ու տանիքը։
Այս երազանքով, համոզումով ու տեսիլքով էր ապրում թատրոնի հիմնադիրը՝ ՎԱՐՊԵՏԸ՝ Սոս Սարգսյանը։ Համազգայինի թատրոնը՝ առհասարակ ԹՍՏՐՈՆ-ը, ՍՈՍԻ ամենահամոզված սերն էր ու նվիրումը։
Նա այդ երազանքը փոխանցել, հավատալով ու աննահանջ էր փոխանցել համազգայնականներին։ Սոսը համոզված էր, որ Համազգայինի արտիստների աչքերով է տեսնելու թատրոնի տաճարը։ Այդպես էլ լինելու է, լինելու է, որովհետև կա, մեր թատրոնում ապրում է սերն ու հավատը․ ապրում է ՍՈՍԻ փիլսոփայությունը։
Երեկ մեր թատրոնում նաև պրեմիերա էր․ վերջին երեք ծանր ամիսներին՝ երրորդը․ Դավիթ Հակոբյանի բեմադրությամբ ներկայացվեց Ֆլորիան Զելլերի «Ճշմարտություն» պիեսը։ Այս դժվար օրերին, կրճատման-լուծարման անմիտ ու անուղեղ սուրը գլխավերևում, ի՜նչ հավատ ու կամք է պետք ներկայացում հղանալու համար, մտածում էի ես ողջ ներկայացման ընթացքում ու, նաև, պատասխանն ունեի՝ հնարավոր է, երբ կա սեր, հավատ ու նվիրում։ Հնարավոր է, Համազգայինի ԸՆՏԱՆԻՔ-ԹԱՏՐՈՆ-ում հնարավոր է։
Երեկ կարևոր օր էր․ շատ կարևոր օր մեր պետական մշակութային գիտակցության համար։ Մեր անկախ հանրապետությունում առաջին անգամ մշակութային օջախ է կառուցվելու։ Կառուցելու է մասնավոր ներդնողը, գործարար անհատը, ավաղ` ոչ պետությունը։
Հավատում եմ և աղոթում, որ մի օր էլ՝ շատ շուտով, թատերասրահի բացմանն ենք լինելու և հրճվելու ենք Սոսի աչքերով, նրա հայացքով, նրա անունից։
Ի դեպ․ երեկ մեր հանրապետությունում նաև շաբաթօրյակ էր, կիսատ-պռատ, մի տեսակ՝ լուսանկարչական կամ live շաբաթօրյակ։ Շաբաթօրյակից տոն սարքել չստացվեց, չստացվեց, որովհետև երկիրը, քաղաքը, փողոցը մաքուր պահելու գիտակցումն ու համոզումը մեկ օրում չի տրվում․․․քաղաքացուն, պաշտոնյային պիտի կրթել, պիտի կրթել մշակույթով, արժեքային համակարգ գեներացնող մշակույթով, թատրոն ու հրատարակչություն բացելով, գիրք հրատարակելով, ստեղծագործող մարդուն նեցուկ լինելով, մշակութային պետական քաղաքականությանը մոտենալով որպես պետություն ու քաղաքացի կերտող կարևոր գործիքի։ Այլապես, հետո ուշ կլինի, ազգ կրթելու բացը կոչով կամ ՖԲ-ով չես լրացնի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Lilit.Galstian/posts/2148646678545268
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել