Վերևներից իջեցված համապետական մաքրության օրակարգը գուցե ավելի լավ վերջաբան ունենար, եթե դրա մեկնարկը չտրվեր թարս ձեռնոցներով։
Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ` «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպվել էր համապետական մաքրության օր (շաբաթօրյակ), որին մասնակցում էին ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները, պետական և համայնքային ծառայողներ։
Առավոտից շաբաթօրյակի մեկնարկը տված Նիկոլ Փաշինյանի, նրան միացած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, ինչպես նաև` ՀՀ ԱԺ պատգամավորների մաքրության աշխատանքները լուսաբանվում էին ուղիղ հեռարձակմամբ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջով և մոտ մեկ տասնյակ լրատվամիջոցներով։
Ամեն ինչ հրաշալի էր թվում մինչև այն պահը, երբ AntiFake.am-ի թիմը որոշեց հետևել շաբաթօրյակի ոչ հրապարակային կողմին։ Առաջին հիասթափությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որոշեցինք կապ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից հրապարակված թեժ գծի հեռախոսահամարներով, որոնք բացվել էին այն քաղաքացիների համար, ովքեր ցանկություն կունենային մասնակցել համապետական շաբաթօրյակին, և պարզել, թե իրենց բնակության վայրում որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում։ Բոլոր նշված հեռախոսահամարներով մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։
Հաջորդ հիասթափությունը տեղի ունեցավ, երբ AntiFake.am-ի թիմը լուսաբանված շաբաթօրյակի տարածքներով քայլելիս ականատես եղավ, մեղմ ասած, «թարս շաբաթօրյակի»։
Այն տարածքները, որտեղ մաքրության աշխատանքներ էին իրականացրել Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մարությանը և պատգամավորները, երեկոյան լիքն էին աղբակույտերով և աղբի տոպրակներով։ Այնպիսի տպավորություն էր, որ տեսախցիկների անջատվելով՝ ավարտվել էր նաև շաբաթօրյակը, քանի որ այն լիարժեք կլիներ, եթե հավաքված աղբը տարածքից հեռացված լիներ, ոչ թե թափվեր կամ տեղակայվեր նույն տարածքի այլ հատվածներում։ Իսկ իրականում, հավանաբար, տեսախցիկները միացվել էին միայն պաշտոնյաներին լուսաբանելու համար, քանի որ քաղաքի աղբահանությամբ զբաղվող գլխավոր կառույցը՝ Սանիտեկը, այդպես էլ չմիացավ աղբահանությանը և չհեռացրեց պաշտոնյաների տեղափոխած աղբը։
Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի՝ քաղաքը մաքրելու մեկնարկը թարս ձեռնոցներով կանխորոշում էր, որ պետք է տեղի ունենար «թարս շաբաթօրյակ», որն էլ փաստում են ստորև տեղադրված լուսանկարները։
Լուսանկարներն արված են Ամիրյան, Սարյան փողոցներում, Վարդան Մամիկոնյանի արձանից մինչև Լունապարկ հատվածներում։
Առավել մանրամասն՝ շուտով՝ AntiFake.am կայքում։