Ավստրալահայ քաղաքական գործիչ Գլեդիս Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տոնել՝ դառնալով այդ նահանգի առաջին ընտրված կին վարչապետը: Հայուհին 2017-ից արդեն իսկ զբաղեցնում էր Նոր Հարավային Ուելսի վարչապետի պաշտոնը: Այդ ժամանակ Լիբերալ կուսակցության առաջնորդ Մայք Բայրդը հրաժարական էր տվել, և կուսակցության անդամները միաձայն նոր առաջնորդի և նահանգի ղեկավարի պաշտոնում ընտրել էին հենց Գլեդիսին:
«Ես անասելիորեն հպարտ եմ այն վայրի համար, որտեղ մենք ապրում ենք: Եվ ամենակարևորն ինձ համար այն է, որ անկախ նրանից, թե ինչ ծագում ունես, որտեղ ես ապրում ու ինչ պայմաններում՝ այս նահանգում յուրաքանչյուրն ունի հնարավորություն լինելու լավագույնը»,- ասել է Բերեջիկլյանը հաղթանակից հետո իր կողմնակիցների առջև ունեցած ելույթում: Նշենք, որ Գլեդիսն ազատ խոսում է հայերեն և սերտ կապեր է պահպանում Ավստրալիայի հայ համայնքի հետ: