10-րդ դարի 80-ական թվականներին թշնամական հարձակումներից ժամանակավորապես թուլացել էր Բագրատունիների իշխանությունը: Երկիրը ցնցվում էր ոչ միայն արտաքին թշնամիների հարձակումներից, այլև ներքին կենտրոնախույս ուժերի ինքնիշխանական ձգտումներից:
Ինքնօրինակության էին ձգտում նաև Սյունիքի գահերեց տերերը: Եվ ահա 987 թ.-ին Սյունիքի գահերեց իշխան Սմբատ Ա Սահակյանը Սյունիքը հռչակում է անկախ թագավորություն: Նորահաստատ թագավորության սահմաններից դուրս մնացին Սևանա լճի ավազանը և Երնջակ գավառը: Առաջինը մասն էր Բագրատունիների կենտրոնական իշխանության, իսկ Երնջակը կցված էր Գողթնի ամիրայությանը: Անկախության հռչակման հաջորդ տարվանից Սմբատ Ա Սահակյանն ընդունեց Բագրատունի Սմբատ Բ Տիեզերակալի գերագահությունը: Սմբատ Բ Տիեզերակալի հաջորդը՝ Գագիկ Ա-ն, Սյունիքի թագավորությունից անջատեց Վայոց Ձոր, Ճահուկ գավառներն ամբողջությամբ և Ծղուկք գավառի հյուսիսային մասը, որոնց փոխարեն Սյունիքի թագավորությանը տվեց Գողթնի ամիրայությունից գրավված Երնջակ գավառը: Այսպիսով, Սյունիքի թագավորությունը հիմնականում ամփոփվեց պատմական նահանգի հարավային մասում և զբաղեցնում էր մոտ 5500 քառակուսի կիլոմետր տարածք: Սյունիքի թագավորության մայրաքաղաքը Կապան քաղաքն էր, հոգևոր կենտրոնը՝ Տաթևի վանքը:
Սյունիքի թագավորների հովանավորությամբ՝ երկրամասում շինարարական մեծ գործունեություն ծավալվեց. ամրացվեցին բերդերը, կառուցվեցին հոգևոր-մշակութային օջախներ, գրվեցին ու ընդօրինակվեցին հարյուրավոր արժեքավոր ձեռագրեր: Միայն Տաթևի վանքում 11-րդ դարի կեսերին գործում էին շուրջ հազար միաբաններ, նշանավոր վարդապետներ, իմաստասերներ, երաժիշտներ, արհեստավորներ: Այդ տարիներին են կառուցվել Վաղադնի Սուրբ Ստեփանոս (1000թ.), Սուրբ Կարապետ (1006թ.), Վահանավանքի Սուրբ Աստվածածնի (1086թ.) եկեղեցիները և բազմաթիվ այն կառույցներ:
Սյունիքի թագավորները, ապավինելով իրենց բարձրաբերձ լեռներին, երկար ժամանակ պահպանում էին իրենց անկախությունը: Բայց սելջուկ-թուրքերի անընդմեջ հարձակումները երկրամասը զրկեցին պաշտպանական կառույցներից: Ընկան ու ավերվեցին Կապանը, Որոտաբերդը, Բղենը, Կաքավաբերդը, Գրհամը, Գեղին, Բաղաբերդը: Գանձակի թուրք ամիրա Ելտկուզի հրոսակները Բաղաբերդում այրեցին տասը հազար ձեռագիր մատյան: 1170 թվականին իրականացված այս բարբարոսությունը հայկական մշակույթի առաջին մեծ եղեռն է: Այդ նույն՝ 1170 թվականին, ելտկուզյան թուրքերի հարվածների տակ թագավոր Հասան Գեռաքարեցին հեռացավ Հայրենի Խաչեն ու ընկավ Սյունիքի թագավորությունը, որը 125 տարով ավելի պահպանեց իր անկախությունը, քան Բագրատունիների կենտրոնական թագավորությունը:
Սյունիքի թագավորների զինանշանների մասին գրավոր տեղեկություններ հայտնի չեն: Սակայն զինանշանային երկու պատկեր պահպանվել է Վայոց Ձոր գավառի Եղեգիս ավանի հյուսիս-արևելյան կողմում կառուցված Ցաղաց քար համալիրի Սուրբ Կարապետ եկեղեցու պատերին:
Շքամուտքի վերնամասում տեղադրված է եղել մի հոյակապ արծվաքանդակ: Արծիվը պատկերված է բացված թևերով, պոչի վրա հենված: Ուռուցիկ կուրծքը ձևավորված է թեփուկաքանդակներով, թևերը՝ զուգահեռ գծերով, որոնց միջնամասերը փոսիկներով բաժանված են մանրիկ մասերի: Թռչունի հզոր պոչը հովհարաձև բացված է և պատկերված է զուգահեռ փոսիկներով: Արծիվը մագիլները խրել է գառան ողնաշարի մեջ: Քանդակագործը իրատեսորեն է պատկերել ոտքերը ցավից կծկված գառան մարմինը: Բազալտ քարը հոյակապ պահպանել է արձանագործական այս պատկերի բոլոր մանրամասները: Ցավոք, զինանշանային քարը տեղից ընկել է, և արծիվը կորցրել է գլուխը, մասամբ կոտրվել է նաև գառան գլուխը: Չնայած այս կորուստներին՝ զինանշանային այս պատկերը հայ արձանագործության լավագույն աշխատանքներից մեկն է:
Նույն եկեղեցու հյուսիսային ճակատում ագուցված է զինանշանային ևս մեկ տարբերակ. հզոր առյուծը՝ հենված հետևի ոտքերի վրա, առջևի թաթերը սեղմել է ցուլի մեջքին ու մաշկազերծում է վերջինիս: Իր վախճանի հետ համակերպված՝ ցուլը տառապագին ծալել է առջևի ոտքը՝ ի նշան պարտության, և խղճուկ հայացքը հառել է դիտողին: Առյուծը նույնպես հայացքը հառել է դիտողին. աչքերի կատաղի արտահայտությունը, բացված երախը՝ սեղմված ատամներով, ցույց են տալիս առյուծի հաստատակամությունը, ուժը, թշնամուն առյուծաբար հաղթելու վճռականությունը: Արձանային այս քանդակը, որի օրինակով շուրջ երկու դար անց Գեղարդի եկեղեցու ճակատին Զաքարյանները ձևավորեցին իրենց զինանշանը, հայկական բոլոր զինանշանների քանդակներից ամենամեծն է, ինչպես նաև ամենաիրատեսականներից մեկը:
Զինանշանային երկու տարբերակներում էլ ցուցադրված է Սյունյաց տերերի առասպելական քաջությունը, արիական գերազանցությունը թշնամիների և հակառակորդների նկատմամբ: Այդ են հաստատում ինչպես արծիվը, այնպես էլ առյուծը, որոնք հաղթում են թշնամական ուժերին:
Նյութի աղբյուր՝ http://hay-geni-haxtanak.blogspot.com/2013/06/blog-post_15.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել