Պետությունների ճիշտ կառավարման արդյունավետությունը հիմնված է նախ եւ առաջ ճիշտ տարածքային կազմակերպման եւ կառավարման վրա: Ցավոք սրտի, շատ հաճախ տարածքային կառավարում նկատի է առնվում՝ հաշվի առնել առկա տարաբնակեցման համակարգը եւ քաղաքականություն մշակել հենց այս համակարգի համար, այնինչ ավելի ճիշտ է, իսկ երկարաժամկետ առումով նույնիսկ այլ տարբերակ չի մնում, քան ձեռնարկել լուրջ միջամտություններ նոր տարաբնակեցման համակարգեր ստեղծելու համար: Դրա համար նախ պետք է ձեւավորել համակարգաստեղծ գործոններ, պլանավորել ապագա տարաբնակեցման համակարգը եւ փուլ առ փուլ կատարել հստակ գործողություններ վերջնական համակարգը ձեւավորելու համար:

Ընդհանրապես, տարաբնակեցման համակարգը կենդանի օրգանիզմ է, եւ անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ նրա ներսում, ուստի պետք է անընդհատ վերահսկողության տակ պահել այն՝ կիրառելով հստակ մշակված միջամտություններ՝ միշտ ցանկալի եւ նախօրոք պլանավորված արդյունքին հասնելու եւ արդյունավետ պատկերը պահպանելու համար:

Մեկ անգամ արդեն անդրադարձել եմ Արցախի տարաբնակեցման համակարգի եւ առկա վարչատարածքային բաժանման անարդյունավետության մասին: Հարկ է արձանագրել, որ Արցախի Հանրապետության ներկայիս տարաբնակեցման համակարգը, ավելի լայն իմաստով՝ բնակավայրերի, բնակչության, տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների տարածքային տեղաբաշխումը մեզ հասած ժառանգություն է, այլ ոչ թե պլանավորած զարգացման քաղաքականության արդյունք: Եվ ամենեւին էլ մենք պարտավորված չենք հաշվի նստել տարածաշրջանում ժամանակի ընթացքում պատմական եւ աշխարհաքաղաքական զարգացումների հետեւանքով մեզ հասած այսօրվա տարաբնակեցման վիճակի հետ: Այսօր ունենք շուրջ 12 հազար ք/կմ տարածքով պետություն եւ պետության տարածքի ամբողջական իրացման, բնակչության արդյունավետ, ինչպես նաեւ հարմարավետ տեղաբաշխման եւ բարեկեցության ապահովման համար պարտավոր ենք իրականացնել հստակ քաղաքականություն՝ ունենալով տարածքային ճիշտ կառավարում եւ դրանով պայմանավորված տարածքային համաչափ զարգացում:

Հետեւելով Արցախի Հանրապետության բնակչության տեղաշարժին՝ ուրվագծվում է հետեւյալ պատկերը․ վերջին երկու տասնամյակների ընթացքում գյուղական բնակավայրերի բնակչությունը նոսրանում է, ավելանում է քաղաքային (հիմնականում Ստեփանակերտ քաղաքի) բնակչության թիվը: Որոշ գյուղական բնակավայրերում պատկերը մոտիկանում է կրիտիկական վիճակի. հետեւանքը տեսանելի ապագայում այդ բնակավայրերի վերացումն է: 

Ընդհանարպես, պետք է հաշվի առնել մեկ կարեւոր հանգամանք. գոյություն ունի բնկավայրի բնակչության շեմ, որից ավելի նվազելու դեպքում ուղղակի անհնար է դառնում բնակչության վերարտադրությունն այդ բնակավայրում եւ տեղի է ունենում բնակչության ծերացում, ապա բնակավայրի վերացում:

Մեր երկրի դեպքում պետության տարածքի իրացումը, բնակչության ճիշտ տեղաբաշխումը եւ տարածքային համաչափ զարգացումն ունեն ռազմավարական նշականություն, եւ պետք չէ հապաղել: Արցախի Հանրապետության տարածքային համաչափ զարգացումը, վերաբնակեցումը, ժողովրդագրական աճը, մարդկանց կյանքի որակի բարձացումը միմյանցով պայմանավորված գործոններ են եւ պետք է լինեն պետական քաղաքականության մշտական հոգացության եւ կառավարման ամենամյա օրակարգում:

Կից նյութը կարող եք դիտել այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել