Panorama.am-ը գրում է.

Կառավարության մարտի 21-ի նիստում որոշում ընդունվեց  ապրիլի վերջին շաբաթ օրը  նշել ՀՀ քաղաքացու օր: Դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  2018 թվականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրավիճակով:

Այս որոշումը միանշանակ չընդունվեց: Շատերն այն կարծիքին են, որ կարիք չկար նման օր սահմանել, եթե Հայաստանը լինի բարեկեցիկ, իրավական երկիր, որտեղ մարդն իսկապես իր հողի տերը զգա, նրա համար ամեն օրն էլ տոն կլինի:

Իրավաբանական գիտությունների թեկնածու, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար  Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ապրիլ ամսին հիշելու, գնահատելու ու արժևորելու այլ օր ունենք. Ապրիլյան պատերազմի նահատակված և կենդանի հերոսների օրը։
Քաղաքացու օրը հատուկ նշելու կարիք չկա, քանի որ այն ամեն օր է, իսկ քաղաքացին մնում է քաղաքացի, քանի դեռ կա ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։

Ապրիլյան քառօրյայի մեր հերոսներն իրենց կյանքը տվեցին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի, ապրի ազատ ու արժանապատիվ՝ գիտակցելով իր գոյության միակ երաշխավոր՝ Պետության առջև ստանձնած հանձնառությունն ու պարտավորությունը։

Հիմա սրա մասին խոսելը մոդայիկ չէ, քաղաքացին տոն է փնտրում, ինքն իրեն սիրում, գնահատում ու արժևորում»:

Որոշումը վրդովվեցրել է նաև ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին:
2016 թվականի ապրիլի 2-ին Ջաբրաիլում՝ 112-րդ մարտական դիրքում (Լելե-Թեփե) զոհված Ժորա Եսայանի մայրը  ղեկավարներին հիշեցնում է՝  ապրիլին ավելի կարևոր օր կա, որը պետք է գնահատել:

«Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ պարոնայք ղեկավարներ, արդեն 7 ամիս է խնդրել ենք,  որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք մեր հերոս տղաներին՝ որպես հիշատակման օր: Չէ որ նրանց շնորհիվ այդ օրը կա և մենք կանք, արժան չգտա՞ք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որոնք իրենց կյանքի մնացած բոլոր օրերը նվիրեցին Ձեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ապրիլյանում զոհված հերոսի մայրը՝ Մարինե Հակոբյանը:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նա մանրամասնեց, որ 2018 թվականին  ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և բարձրացրել են որոշ հարցրեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել