Operativ.am-ը գրում է․

Նիգերիայից 8-ամյա փախստական Տանի Ադվեվումին Նյու Յորք նահանգի շախմատի առաջնությունում իր տարիքային կարգում հաղթելուց հետո մեծ թվով ամերիկացիների ուշադրությունն է գրավել եւ նրանցից արդեն օգնություն է ստացել, որը նրան թույլ կտա շարունակել հնագույն խաղի պարապմունքները, հայտնում է The New York Times-ը:

Պատանի շախմատիստի ընտանիքին տասնյակ մարդիկ նվիրատվություններ են կատարել, որի շնորհիվ ընտանիքը կարողացել է անօթեւանների քաղաքային ապաստարանից տեղափոխվել վարձակալած բնակարան:
Երրորդ դասարանների աշակերտների թվում չեմպիոն դարձած տղայի կյանքի մասին, որը հայտնել է Նյու Յորքի ապաստարանում, հայտնի էր դարձել անցյալ շաբաթ կրկին The New York Times-ի հրապարակման շնորհիվ: Դրանից անմիջապես հետո տառացիորեն 3 օրում սրտացավ մարդիկ GoFundMe կայքի միջոցով Ադվեվումի ընտանիքի համար հավաքել են ավելի քան 178 հազար դոլար: Աֆրիկացի փախստականներին այս փողը կբավականացնի, որպեսզի բնակարանը վարձեն բավականին երկար ժամանակով:

Ադվեվումի ընտանիքը 2017 թվականին փախել է Նիգերիայի հյուսիսից քրիստոնյաների վրա «Բոկո հարամ» արմատական խմբավորման հարձակումների պատճառով: Երեխան ծնողների եւ ավագ եղբոր հետ ավելի քան մեկ տարի առաջ է Նյու Յորք եկել, եւ տեղական եկեղեցին նրանց օգնել է տեղավորվել անօթեւանների ապաստարանում: Տղային ուղարկել են տեղական տարրական դպրոց, որտեղ նա սկսել է հաճախել շախմատի խմբակ՝ այս խաղի հանդեպ ոչ միայն հետաքրքրություն դրսեւորելով, այլեւ մեծ ընդունակություններ: Նրա մոր խնդրանքով խմբակի ղեկավարությունը Տանիի համար բացառություն է կատարել եւ պարապմունքների համար նրանից վճար չի պահանջել:

Մասնագետներն արդեն ուշադրություն են դարձրել, որ պատանի շախմատիստը հետեւում է խաղի ակտիվ ոճի եւ երբեմն պատրաստ է ռիսկի գնալ: Պարբերականը նշել է, որ աշակերտների շրջանում Նյու Յորք նահանգի առաջնության պարտիաներից մեկի ժամանակ նա զոհաբերել է փիղը՝ փոխանակելով զինվորի հետ: Խաղի ընթացքին հետեւող մարզիչները մտահոգվել են նման որոշման պատճառով եւ համակարգչի միջոցով արագ վերլուծել են խաղատախտակի վրա ստեղծված դիրքը: Ի զարմանս նրանց՝ ծրագիրը հաստատել է, որ նման ոչ համարժեք փոխանակումը մի քանի քայլ հետո Տանիին մրցակցի հանդեպ առավելություն կտա: Հիմա պատանի շախմատիստը պատրաստվում է կրտսեր դասարանների աշակերտների շրջանում անցկացվող առաջնությանը, որը տեղի է ունենալու 2019 թվականի մայիսին:

The New York Times-ը հայտնել է, որ ամերիկյան իշխանությունների կողմից նիգերիացի ընտանիքին փախստականի պաշտոնական կարգավիճակ տրամադրելու հարցի քննարկումը նշանակված է 2019-ի օգոստոսին: Եթե Տանին եւ նրա ընտանիքը նման կարգավիճակ ստանան, ապա կկարողանան ԱՄՆ տարածքում մնալ եւ պետության կողմից օգնություն ստանալու հույս ունենալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել