Վերջին տարիներին մարդկությունն ավելի ու ավելի է սկսել մտածել շրջակա միջավայրի վիճակի մասին։ Դրա վառ օրինակ կարող է ծառայել ահա այս տունը Շվեդիայում։
Մարի Գրանմարն ու նրա ամուսինը՝ Չարլզ Սակիլոտոն վաղուց էին մտածում ջեռուցման ծախսերը կրճատելու մասին։ Նախ՝ Շվեդիայում դա բավական թանկ է, և երկրորդ՝ ջեռուցման համար այստեղ մինչև հիմա ածուխ և նավթ են օգտագործում, որոնց թափոնները կեղտոտում են մթնոլորտը։ Այս հարցում նրանց օգնել է ճարտարապետ Բենկ Վարնը։
Հարմարավետ, ամբողջովին փայտե տուն կառուցվեց, որը հետո ծածկեցին 4 մմ հաստությամբ յուրօրինակ ապակյա գմբեթով։ Ապակին մի քանի շերտով է պատրաստված և շատ դիմացկուն է։
Մթնոլորտը գմբեթի տակ նաև բարենպաստ պարզվեց սեփական բանջարանոցն ունենալու համար։ Ամուսինները տարբեր տեսակի մրգեր և բանջարեղեն են աճեցնում, որոնցից նույնիսկ չկա Շվեդիայում։ Սա նույնպես զգալի խնայողություն է ընտանիքի համար։
Ավելի հեռուն է գնացել բելգիացի ճարտարապետ Քոեն Վանդևալեն։ Ոգեշնչվելով Շվեդիայի և Նիդերլանդների նման նախագծերով՝ նա նույնպես փայտե տուն կառուցեց ապակյա գմբեթի տակ։ Սակայն նրա նախագիծը լիովին անկախ է․ բացի ջեռուցումից՝ այստեղ նաև ջրագիծն ու էլեկտրական հոսանքալարերն են բացակայում։
Ջրի խնդիրը շատ հեշտ է լուծվել։ Անձրևի ժամանակ տանիքի վրա եկող ջուրը հավաքվում է, ֆիլտրվում և պահվում է մի քանի ռեզերվուարներում՝ յուրաքանչյուրը 20000 լիտր տարողությամբ։
Իսկ էլեկտրականության հարցն ավելի բարդ և թանկ է եղել։ Տունն ապահովվում է էներգիայով շնորհիվ 72 ներկառուցված արևային մարտկոցների։ Ճարտարապետը համոզված է, որ որոշ շրջաններում նման տունը կարող է ամբողջ բնակավայր ապահովել էներգիայով։
Նման տունը մոտ 70000 եվրոյով ավելի թանկ է սովորական տնից, սակայն 10-15 տարվա ընթացքում, շնորհիվ կոմունալ վճարումների խնայողության, այդ գումարը կվերադարձվի։