Վարչապետն ասուլիսի ժամանակ շատ կարևոր և ուշագրավ արտահայտություն արեց 2.7 միլիոն դոլարի սպասվող ներդրումների մասին։ Նույն օրը, թե դրանից առաջ էլ միտք էր հայտնել, որ կառավարությունն արդեն ամեն ինչ արել է տնտեսության զարգացման համար, մնում է` ժողովուրդն իր քայլն անի։ Վարչապետի վերջին մտքի հետ ես համաձայն չեմ. միայն կոռուպցիան վերացնելը բավարար չէ, նույնիսկ շատ քիչ է ոլորտ զարգացնելու համար։
Բերեք մի օրինակ դիտարկենք։ ՀՀ ՀՆԱ-ի մոտ 30%-ն ապահովող գյուղատնտեսական ոլորտում վերջին տարիներին ներդրումները լինում են հիմնականում հիդրոպոնիկ ջերմատնային տնտեսություններ ստեղծելու համար, մնացած ճյուղերում կա՛մ չկան, կա՛մ շատ թույլ են, ինչը բերում է ոլորտում լուրջ ռեգրեսի։ Արդյունքը վերջին երկու տարիներին ոլորտի անկումն է։
Հարց․ ինչո՞ւ միայն ջերմատնային տնտեսություն, այն էլ՝ հիդրոպոնիկ։ Պատասխանը շատ պարզ է, քանի որ այդ ճյուղում հողային և տնտեսաաշխարհագրական կոնկրետ տվյալներ այդքան էլ պետք չեն, բավական են միայն մետեո ցուցանիշներ։
Մենք ներդրողներին չենք կարողանում ոչ մի թվային ցուցանիշ ներկայացնել, ոչ մի։ Իսկ ներդրողները հիմնականում պրագմատիկ մարդիկ են, նրանց կոնկրետ թվեր են պետք, հստակ ցուցիչներ, հստակ հաշվարկներ։ Մենք չունենք, ու այս վիճակը չի ձգվելու երկար։ Մենք մեր դիլետանտ պահվածքով կորցնում ենք բազմաթիվ պոտենցիալ ներդրողների։ Վերջին տարիներին մի արաբ ներդրող եկավ, որոշել էր ընկույզի այգիներ հիմնել, տարան, այնպիսի գոտում հող տվեցին, որ 60 հա տնկված ընկույզները ցրտահարվեցին։
Խոսում ենք ոչխարաբուծության մասին․ մենք չունենք ոչ մի թիվ այդ ոլորտում, միայն վիճտվյալներ, որ ՀՀ-ում կա 600 000 ոչխար։ Մեր տեղական կիսակոպտաբուրդ տեսակի ոչխարները դեգրադացվել են, արդյունավետությունն ահագին իջել է, մենք չունենք համապատասխան կառույց, որը կփորձի արտասահմանից ներկրել և, խաչասերելով տեղական համապատասխան տեսակի հետ, որակը բարելավել։ Նույն վիճակում է տավարաբուծությունը։ Մեր կովերի կաթնատվության տարեկան ցուցանիշը ցածր է Իտալիայում բուծվող այծերի կաթնատվությունից։ Եթե վարչապետին ասել են Բալահովիտի կենտրոնի մասին, ապա ասեմ՝ այն գտնվում է խայտառակ վատ վիճակում։ Մեզ մոտ ամեն ինչ գյուղոլորտում կատարվում է տարերայնորեն, մենք այդպես չենք կարող զարգանալ։ Մեկը բերում, բամբակ է աճեցնում՝ ոչ մի հաշվարկ չունենալով, հետո, աշխատողներին չվճարելով, կորում, մյուսն առանց հաշվարկի պավլովնիա է աճեցնում, մի քանիսը շինշիլայի սպեկուլյացիայով են զբաղված, դե գյուղացիներն էլ հասցրել են ահագին դեգրադացնել հողերը... Գիտե՞ք, որ խաղողագործությունն էլ է վտանգի տակ, ֆիլոքսերայի մասին բոլոր տվյալները խնամքով թաքցվում են շատ տեղեր։
ՀՀ-ում չկա ոչ մի գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքի հաշվարկ, չկա ու վերջ։ Մենք չունենք սելեկցիոներներ, մեր սերմնաբուծարաններն, անկեղծ եմ ասում, գաղափար չունեմ՝ ինչով են զբաղվում առհասարակ։ Գյուղոլորտում ցանկացած պոտենցիալ ներդրողի չկարողանալով որևէ թվային ցուցանիշ ներկայացնել՝ նրանց կորցնում ենք ընդհանրապես։
30+ միլիոն եվրո գրանտ է եկել, խնդրում եմ՝ բերեք տնտեսաաշխարհագրական զոնավորում արեք , դա կլինի գլխավոր ֆունդամենտը, ուղեցույցը գյուղատնտեսությունը զարգացնելու համար, բերեք գյուղատնտեսական քոլեջներում միջին մասնագիտական կրթությամբ կադրեր պատրաստենք։ Չունենք տրակտորիստ, եթե ցանկացող կա, չգիտի՝ որտեղ կարող է մասնագիտանալ և վկայական ստանալ, ինչը լիզինգի շնորհիվ կօգնի մեր տեխնիկայի պարկի թարմացմանը։
Էս ամենի դեպքում, վստահեցնում եմ, երկրում տարեկան միայն գյուղոլորտում մոտ 500 միլիոն դոլար ներդրում կգա։ Մենք պիտի կարողանանք մեր պոտենցիալն ու հնարավորությունները ներկայացնել դիմացինին հստակ թվային տեսքով, կոնկրետ հաշվարկներով։
Հարգանքով՝ պտուղ բանջարեղենի մասին ստատուսներ գրող Մնացականյան Հարություն։
ՀԳ․ Ես պատրաստ եմ էս ամենն իրականացնողներին անուններով ներկայացնել։