Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախկին նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը մարտի 20-ին ստանձնել է հանրապետության նախագահի պաշտոնը:

Խորհրդարանի պալատների` մարտի 20-ին կայացած համատեղ նիստում Տոկաեւը նախագահի երդում է տվել երկրի ժողովրդին: «Հանդիսավոր կերպով երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին»,- ասել է Տոկաեւը: Նա Ղազախստանի նախագահ է դարձել ընտրված նախագահի լիազորությունների մնացած ժամանակահատվածում, որը լրանում է 2020 թվականի ապրիլին:

Մարտի 19-ին ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը, որը երկիրը ղեկավարել է գրեթե 30 տարի, հայտարարել է, որ մարտի 20-ից վայր է դնում Ղազախստանի նախագահի իր լիազորությունները:

Սահմանադրության համաձայն՝ հանրապետության նախագահի լիազորություններն ընտրված նախագահի պաշտոնաթողության դեպքում Սենատի նախագահին են անցնում Ղազախստանի ժողովրդին նրա երդում տալու պահից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել