Ուշադիր լսեցի լեգենդար Նազարբաևի ուղերձն իր ժողովրդին: Նա թողեց երկրի նախագահի պաշտոնը, բայց չթողեց երկրի ղեկավարի պաշտոնը: Նրա ղեկավարությամբ պատմության մեջ երբեք չեղած Ղազախստան պետություն ստեղծվեց, բավական կայուն ու նշանակալի պետություն: Իր գործունեությամբ Նազարբաևն ապացուցեց, որ պետության համար ամենակարևոր բանը ժողովրդավարությունը չէ, որ ազատ ընտրությունն ամենևին էլ համադարման չէ, որ կարևորը խելքն է, հմտությունն է, քաղաքացիներին համախմբելու կարողությունն է:
Իր երկար ուղերձում երբեք չտվեց Ռուսաստանի անունը, ոչ մի անգամ չհիշատակեց իր հեղինակած ԵԱՏՄ-ն: Ոչ մի օտար երկրի անուն ու միության անուն չտվեց, միայն Ղազախստան ու Ղազախստան:

Կարո՞ղ եք պատկերացնել հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյայի, որ այդքան երկար խոսքում մի քանի անգամ չհավաստի իր հավատարմությունը Ռուսաստանին ու իր նվիրվածությանը ԵԱՏՄ-ին: Ես չեմ պատկերացնում:
Մենք ունեցել ենք հետսովետական պետություններում չորս ամենաազատ ընտրություններից մեկը, բայց արդյունքում ստացանք անարխիա, որը փոխարինվեց բռնապետությամբ ու համատարած կոռուպցիայով: Մենք չունեցանք հմուտ ու իմաստուն ղեկավար:

Երկրորդ ազատ ընտրությունները ունեցանք: Կրկնեմ, որ ազատ ընտրությունը համադարման չէ: Եթե ղեկավար դարձած Փաշինյանը կարողանա շատ արագ գիտելիք կուտակել, հմտանալ, իմաստնանա, ապա կկարողանանք ամուր պետություն ստեղծել: Բայց ժողովրդին հրավիրել մասնակցելու պետության կառավարմանն անհեռանկար է: Պատասխանատվությունը կիսել կամ մի մասը դնել ժողովրդի վրա՝ անհեռանկար է: Պատմությունը լաբորատորիա է: Այն վկայում է, որ պետությունը ուժեղացրել կամ թուլացրել են հմուտ կամ ապաշնորհ ղեկավարները: Հայաստանի ժողովուրդը պատմությամբ թրծված բարձր կարողությամբ գործիք է․ հմուտ ղեկավարի ձեռքին լավ արդյունք կտա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել