Գեղեցիկ պատմություն իսկական սիրո մասին, երբ նյութական արժեքները չունեն ոչ մի նշանակություն։
Երբ ամերիկուհի Արիել ՄակՌեյի սիրելին նրան ամուսնության առաջարկություն արեց, աղջիկն անմիջապես ասաց, որ իրեն մատանի պետք չէ։ Երկուսն էլ փորձում էին փող վաստակել, սակայն, միևնույն է, այն չէր հերիքում, այդ պատճառով էլ նրանք որոշեցին պարզապես օրինականացնել իրենց հարաբերությունները։
Արարողությունից առաջ փեսացուն ամեն դեպքում համոզում է Արիելին ոսկերչական խանութ մտնել։
«Նա հուզվում էր և անընդհատ հարցնում, թե արդյո՞ք ես գոհ եմ և արդյո՞ք ես երջանիկ կլինեմ այս մատանիով»,- հիշում է ՄակՌեյը։
Կրակին յուղ է լցնում խանութի վաճառողուհին, երբ դրամարկղի մոտ մոտենում է զույգին և թունոտ տոնով ասում իր գործընկերուհուն. «Հավատս չի գալիս, որ որոշ զույգեր նման մատանի են գնում ամուսնության համար։ Սա այնքան խղճուկ է»։
Արիելը միայն նկատում է, թե ինչպես է իր սիրելիի դեմքը փոխվում այս խոսքերը լսելուց հետո։ Նա առանց այդ էլ ճնշված էր, որ չէր կարողանում թանկարժեք մատանի գնել։
Այս միջադեպն այնքան է հուզում աղջկան, որ նա այս պատմությամբ կիսվում է սոցցանցերում։
«Ես կամուսնանայի այս մարդու հետ, եթե նույնիսկ նա ինձ 25 ցենտանոց խաղալիք մատանի նվիրեր։ Ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել և չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց նրա»,- խոստովանել է Արիելը։
ՄակՌեյը բողոքում է, որ նյութական արժեքներն այս երկրում ավելի են սկսել գնահատվել, քան իրական զգացմունքները, և հարյուրավոր օգտատերեր համաձայնել են նրա հետ։
Մեկնաբանություններում մարդիկ սկսել են կիսվել իրենց պատմություններով։ Տղամարդկանցից մեկը պատմել է, որ ժամանակին կնոջը Walmart սուպերմարկետից է մատանի գնել, իսկ մեկ ուրիշը գրել է, որ մատանին eBay-ից է գնել 15 դոլարով։