Wnews.am-ը գրում է․
Իմ կյանքի 20 տարիների ընթացքում չի եղել դեպք, երբ ծնողներս միջնորդեն ինձ համար,- վստահեցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է իր ներկայիս աշխատանքի, երազանքի, քաղաքականությամբ զբաղվելու ցանկության և այլ թեմաների մասին:
Wnews.am-ը ներկայացնում է Մարիամ Փաշինյանի հարցազրույցից հատվածներ:
Ներկայիս գործունեության մասին.
-Ներկայումս պրակտիկա եմ անցնում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակում: Նշեմ, որ մինչև այս քննություն եմ հանձնել, հետո հարցազրույցի հրավիրվել, որպեսզի պրակտիկա անցնեմ: Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է՝ այդ թվում ինձ համար: Շատ անգամներ տարբեր գործի դիմելիս մերժումներ եմ ստացել. օրինակ ինձ մերժել են Ամերիկյան համալսարանից, որովհետև լավ չէի նախապատրաստվել: Երբ զգում եմ, որ ինչ-որ կազմակերպւթյուն ինձ կարող է օգնել ընտանիքիս պատճառով, չեմ դիմի: Չեմ կարծում, որ հիմա կաշխատեմ պետական ապարատում, որովհետև այդ փորձը չունեմ: Նախքան այդ պետք է փորձ ձեռք բերեմ տարբեր դաշտերում, նոր մտածեմ պետական ապարատում աշխատելու մասին: Հիմա ուսումս շարունակելու համար արտերկրում տարբեր համալսարաններ եմ փնտրում:
Կարող եմ ճանապարհորդել, բայց Հայաստանից բացի ուրիշ տեղ ինձ չեմ պատկերացնում:
Մամուլում շրջանառվող իր 20-ամյակի «ճոխ» խնջույքի մասին.
-Երեք տարի ծննդյանս տարեդարձը չեմ նշել, կարծում եմ Հայաստանում շատ ընտանիքներ սիրում են կլոր տարեդարձերը մեծ նշել, մենք ևս բացառություն չենք: Դա այդքան էլ իմ ցանկությունը չէր, մայրիկս պնդեց: Նշեմ նաև, որ 2008 թվականի մարտից հետո քրոջս՝ Շուշանի ծնունդը նշել ենք «Բելաջիո» ռեստորանում, կազմը նույն չափի էր՝ հարյուր հոգանոց, այդ ժամանակ ներկաների 80 տոկոսը նույն մարդիկ էին, ինչ իմ ծնունդին: Իմ ծնողներն իրենց աշխատավարձով ինձ համար նման երեկո էին կազմակերպել, ինչը շատ եմ գնահատում: Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե Տերյան փողոցը փակ է եղել, դա սուտ է: Ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր լրագրողներին, բայց չեմ համակերպվի, եթե հանրությանը խաբեն:
Բրյուսել կատարած այցի մասին.
Ինձ համար տարբերություն չկա, թե որտեղ կլինեմ: Այս շրջանում մեզ համար ամեն ինչ քաոսային է: Բրյուսել գնացել էի ծնողներիս առաջարկությամբ, որովհետև մեր ընտանիքում իրար հետ ժամանակ անցկացնելու խնդիր կա, ծնողներս անընդհատ աշխատում են, մասնատված ենք լինում: Իմ այցն իմ սենյակի համար վճարվել է սեփական միջոցներով: Նախքան այցս քննադատվելու մտավախություններ ունեի, բայց հասկանում էի, որ քննադատություն միշտ կլլինի: Կարծում եմ՝ երբեք ծնողներիս հետ այլ տեղ չեմ գնա, կաշկանդվում եմ պաշտոնական այցերից: Այցի ընթացքում ճոխ գնումներ չենք արել, շոկոլադ ենք գնել, անգամ դժգոհ էի, որ մայրս ինձ հետ քիչ զբոսնեց:
Մամուլն ինձ խանգարում է, նրանով, որ հանրությանը փորձում են հիասթքափեցնել մեզնից՝ մեր ընտանիքից, իսկ ժողովուրդը չի ցանկանում տեսնել այդ հիասթափությունը: Դժգոհ եմ մամուլի աշխատանքից, տեսնում եմ սուտ, բամբասանք, թերի լուսաբանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ