Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրեր առաջ համաներում շնորհեց մի շարք քաղբանտարկյալների, ովքեր տարբեր ակցիաների պատճառով հայտնվել էին բանտում ու տարիներ շարունակ փորձում էին պայքարել իրենց ազատության համար։ Համաներման արդյունքում ազատ արձակվեցին մի շարք ակտիվիստներ և քաղաքական գործիչներ, ովքեր ձերբակալվել էին տարբեր պատճառներով։
Սակայն այդ համաներումը չազդեց ռազմական ոլորտում տեղի ունեցող հանցագործությունների և սպանությունների դեմ ակցիա կազմակերպող անձանց վրա։ Օրինակ՝ նրանցից մեկը՝ Իլկին Ռուսթամզադեն, 2013 թվականից գտնվում է բանտում, քանի որ բողոքում էր բանակում տեղի ունեցող սպանություններից։
Նա վստահեցնում էր, որ ադրբեջանական բանակում ավելի շատ զինվորներ մահանում են ադրբեջանցի սպաների և սերժանտների կողմից, քան հայկական փամփուշտից։ Այս մասին բարձրաձայնելու համար Ռուսթամզադեն և իր կողմնակիցները հայտնվեցին բանտում։ Վերջինս վստահ էր, որ զինվորների սպանությունը միտում ունի ահաբեկել ժողովրդին, որի արդյունքում ավելի է ամրապնդվում Ալիևների իշխանությունն Ադրբեջանում։
Ալիևի կատարած համաներման արդյունքում խառնվել է ադրբեջանական ընդդիմության հարաբերությունները։ Արդեն սկսել են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հանդեպ, մեկը մյուսին համարում է ապագա բռնապետ ու վստահ է, որ Ալիևից հետո չի կարելի իշխանությունը հանձնել նրանց, քանի որ նրանց դեպքում ավելի վատ վիճակում կհայտնվի երկիրը։ Մյուսներն էլ իրենց հակառակորդների համարում են ներկայիս իշխանության հետ համագործակցող ուժեր։