Վերջերս մասնավոր այցով Հայաստան էր ժամանել Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը: Այս այցը յուրատեսակ լակմուսի թղթի դեր խաղաց մեր բազմաթիվ հայրենակիցների մեջ արմատավորված հոգեբանությունն ու մտածելաձեւը եւս մեկ անգամ բացահայտելու հարցում:

Այնպես է ստացվել, որ հանդիսանալով «Երեւան, իմ սեր» ծրագրի խորհրդի անդամ, մասնակցել եմ արքայազնի այցի կազմակերպմանը, նրան դիմավորողների եւ ճանապարհողների կազմում եմ եղել: Արքայազն Չարլզը, որը նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հյուրն էր, այցելեց Հայաստան հենց «Երեւան, իմ սեր» ծրագրի շրջանակներում բարեգործական միջոցառմանը մասնակցելու, ինչպես նաեւ Հայաստանի տեսարժան վայրերին ծանոթանալու համար:

Եվ սկսվեց զանգերի եւ հարցերի տարափը, որոնց հիմնական լեյտմոտիվը հետեւյալն էր. «Լավ, հանաքը դեն, պրինցը ռեալ ինչի՞ համար էր եկել, մենք ուրիշ մարդ չենք, գոնե մեզ ասա»: Ընդ որում, գրեթե բոլոր հարցնողները ունեին սեփական վարկածները, թե ինչու է Նորին Արքայական Մեծությունը իրականում այցելել մեր երկիր, եւ բոլոր վարկածները, բնականաբար, մեկը մյուսից հավաստի էին: 

Վարկածների շառավիղը պակաս ցնցող չէր, սկսած ինչ-որ մեկին «դաբռո» տալուց, մյուսներին էլ թագուհուց կարեւոր մեսիջ բերելուց, վերջացրած մեր ընդերքին ձեռք գցելուց ու ինչ-ինչ հայաստանյան բիզնեսներում փայ մտնելու վեհ գաղափարներով: 

Հատկանշական է, որ ինձ եւ այցի մյուս կազմակերպիչներին հարցեր տվողներն ու սեփական վարկածներ ներկայացնողները միանգամայն լուրջ, խելացի եւ ադեկվատ մարդիկ են, որոնք չեն տառապում դավադրությունների տեսություններով: Պարզապես որեւէ բանի չհավատալու, չվստահելու, ամեն ինչում խաբեբայություն փնտրելու բնավորությունը մեր ժողովրդի մեջ արմատավորված է դարերի խորքից:

Այսպիսի հոգեբանության եւս մեկ ապշեցուցիչ դրսեւորման ականատես եղանք այս շաբաթ խորհրդարանում, երբ քննարկվում էր Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային արտոնություններ տրամադրելու օրինագիծը: Այս կարեւորագույն ու մեր երկրի համար աննախադեպ ծրագրի մասին խոսելիս, մեր որոշ գործընկերներ հասան նրան, որ կարծիք հայտնեցին, թե Ռուբեն Վարդանյանը եւ հայ ու օտարազգի մյուս պատկառելի գործարարները Դիլիջանի միջազգային դպրոցը հիմնադրում են փողերի լվացման նպատակով (!!!):

Ինչ եմ ուզում ասել. հավատի եւ վստահության այսպիսի ցածր մակարդակով մենք երբեք հետ չենք բերի Արարատն ու Վանա լիճը, Կարսն ու Արդահանը, Մուշն ու Սասունը: Էլ չեմ խոսում Մուսա լեռան եւ մնացյալ Կիլիկիայի մասին: 

Ուրեմն հավատանք, որ փոխենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել