Առաջին անգամ 1915 թվականի մայիսի 24-ին համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիայի և Անգլիայի և այլ դաշնակից պետությունները ֆրանս պրես գործակալության միջոցով թուրքական պաշտոնական «Հավաս» գործակալությանը հայտնել էին, որ այսօրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո կկանչեն պատասխանատվության և կպատժվեն խստագույն կերպով, այսինքն` մահապատժով, հայկական ջարդեր կազմակերպելու համար: Պատերազմից հետո անգլիական իշխանությունները, վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով, ոչ թե գործադրեցին մահավճիռը, այլ աքսորեցին Մալթա կղզի, որտեղից նրանք մեկ առ մեկ փախուստի դիմեցին:
1920 թվականին՝ Թալեաթի կառավարության տապալումից հետո, հենց Թուրքիայում թուրքական նոր կառավարության ռազմական դատարանը մահապատժի դատապարտեց փաշային: Այս անգամ ևս մահապատիժը չիրագործվեց, քանի որ Թալեաթը կեղծ անձնագրով փախավ Բեռլին:
Ու միայն 1921 թվականի մարտի 15-ի առավոտյան վերջապես իրականացավ մարդասպանի մահապատիժը։ Այդ օրը փողոցում Թեհլերյանը դիմահար կրակոցով սպանում է Թալեաթ փաշային և հանձնվում է ոստիկանությանը: Բեռլինի դատարանը, իմանալով սպանության դրդապատճառների մասին, հենց դատարանի դահլիճից ազատ է արձակում Սողոմոն Թեհլերյանին: