Առաջին, երբ ասվում է, որ թամանյանական Երևանն է վերականգնվում, այդպիսի հայտարարություն անողները պատրա՞ստ են լինելու քաղաքի մնացած շինություններն էլ այդ նախագծի տեսքին բերելուն: Ու ասեմ, որ դա միայն սրճարանների հարցը չէ, տարբեր շենքեր, բազմահարկեր, կառույցներ: Եթե սրանց հարցը չի լուծվելու այնպես, ինչպես Օպերայի շուրջ սրճարանները, ապա, կներեք, քաղաքապետը գեթ մեկ օր ավել այդ պաշտոնին չպետք է մնա:
Երկրորդ՝ ասում են՝ բնապահպանական վիճակի խնդիր ենք լուծում: Ես մինչև հիմա բնապահպանական վիճակի մասին հայեցակարգ չեմ տեսել: Հիմա ո՞վ է համոզելու, որ այդ 4-5 սրճարաններն են, որ այդքան մեծ խնդիր են ստեղծում Երևանի բնապահպանական վիճակի վրա: Ես բնապահպանական վիճակ ասելիս հասկանում եմ համալիր ծրագրեր քաղաքի տարբեր վայրերում նաև քաղաքի հարակից հատվածներում կանաչ գոտիների կտրուկ ավելացման հաշվին:
Երրորդ՝ որքան էլ ասեն, թե գործարարներին մի քանի ամիս առաջ իրազեկվել է, դա, միևնույն է, արժեք չունի, որովհետև մի քանի ամսում ինչպես ներդրում չեն անում, այնպես էլ ներդրումն այլ ուղղությամբ չեն տեղափոխում: Սա լուրջ հարված էր մեր քաղաքի, երկրի ներդրումային միջավայրի ձևավորման վարկին:
Չորրորդ՝ ամենաանհաջող ձևակերպումը՝ սա երևանցիների կամքն է, հանրային պահանջ և այլն: Արդյո՞ք նույն «հանրային պահանջի» վրա վաղը մարդ չեն սպանելու կամ բռնության ենթարկելու կամ նվազագույնը մեկ այլ հանրային օբյեկտ չեն ոչնչացնելու:
Ի դեպ, չեմ էլ հիշում, թե երբ եմ վերջին անգամ Օպերայի շրջակայքում սրճարան այցելել, ուղղակի խնդիրներն այս ձևով չեն լուծում, սա ոչ մեկիս պատիվ չի բերում, ոչ մեկիս, էլ չեմ ասում, որ ոստիկաններին էլ կրկին վատ դրության մեջ գցեցինք: