Այսօր մեծանուն հայ բանաստեղծ-աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան օրն է: Հիշենք Մեծերին: ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ: Փառք ու պատիվ:Սայաթ-Նովա (պարսկ.՝ سید نوا; վրաց.՝ საიათ-ნოვა) (Հարություն Սայադյան; Հունիս 14, 1712, Թիֆլիս - Սեպտեմբեր 22, 1795, Թիֆլիս), նոր շրջանի հայ բանաստեղծ-աշուղ։
Կյանքը
Ամենայն հավանականությամբ Սայաթ-Նովայի նախնիները Թիֆլիս են եկել Կիլիկյան Հայաստանից։ Սայաթ–Նովայի ընտանիքը Թիֆլիսի քաղաքային արհեստավորների ընտանիք էր։ Սայաթ–Նովայի մանկությունն ու պատանեկությունը անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել–կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերեն այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ–Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ, և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։ Հավանաբար, երկար տարիներ շրջել է Մերձավոր Արևելքում, եղել Պարսկաստանում, Հնդկաստանում և Օսմանյան կայսրությանը ենթակա երկրներում ուխտի գնացել հայ աշուղների հովանավոր Մշո Սուրբ Կարապետի վանքը՝ Տարոն, մինչև որ ձեռք է բերել համընդհանուր ճանաչում, մկրտվել Սայաթ–Նովա՝ երգի որսորդ։
1759–ի կեսերին ավարտվել է Սայաթ–Նովայի՝ իբրև բանաստեղծի ու երգահան–երաժիշտի կյանքը։ 1759–ին Հերակլ II–ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել Տեր Ստեփանոս անունով և շատ չանցած ուղարկվել Կասպից ծովի հարավային ափին գտնվող Էնզելի նավահանգիստը։ Այստեղ երգիչն «ապաշխարել» և արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։ Երբ է վերադարձել հայրենիք, ստույգ հայտնի չէ։ 1766–ին ապրել է Զաքաթալայից Շամախի տանող առևտրական ճանապարհի վրա ընկած Կախի փոքրիկ ավանում, որտեղ արտագրել է մեկ ուրիշ ձեռագիր՝ [Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] հատվածներից բաղկացած մի ժողովածու։ 1768–ին մահացել է կինը՝ Մարմարը, թողնելով չորս անչափահաս զավակ։ Հաջորդ տարվանից Սայաթ–Նովա–Տեր Ստեփանոսը փոխադրվել է վանք, ծառայել Թիֆլիսում հաստատված Հաղպատի միաբանության առաջնորդարանում, իսկ 1778–ից, երբ վերաշինվել է Հաղպատի վանքը, կարգվել է Սուրբ Նշան վանքի լուսարար։ Հետագայում միաբանության հետ նորից վերադարփել է Թիֆլիս։ 1795–ի սեպտեմբերին, Աղա–Մահմուդ խան Ղաջարի արշավանքի օրերին, զոհվել է և թաղված է Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
Ստեղծագործությունները
Սայաթ-Նովայի գերեզմանը:
Սայաթ–Նովայի ուսումնասիրության գործում որոշակի դեր են խաղացել Անդրկովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ավանդական սովորությունով՝ ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թուրքական խաղերով, հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Գիտակցելով աշուղ–բանաստեղծի բուն դերը ու կոչումը, հասկանալով, որ գեղեցիկի, կատարելության իդեալներն ու դաշնության պատգամները վերարծարծել ու քարոզել է ամենուր և ամենքի համար, առանց ազգային ու դասային խտրության։
Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։
Տաղաչափական առանձնահատկություններ
Ըստ տաղաչափական առանձնահատկությունների՝ Սայաթ–Նովայի խաղերի մեջ հանդիպում են աշուղական բազմապիսի ու բարդ չափերով հորինված գործեր՝ թեջնիսներ կամ բառախաղեր, ղազալիներ կամ գազելներ, բեյթ ու դուբեյթներ, բայաթիներ, այբբենականեր, ուչլամաներ կամ երիցս կրկնություններ, որոնք ցույց են տալիս, որ նա աշուղական արվեստի գերազանց գիտակ է եղել։ Խաղերից շատերի մեղեդիները մոռացվել են և առմիշտ կորել։
Դերը
Սայաթ–Նովան հայ և վրաց աշուղական բանաստեղծության մեջ մեծ հեղաշրջում է կատարել մասնավորապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է սկսվում մայրենի լեզվով խաղը հայ և վրաց իրականության մեջ։ Սայաթ–Նովան նաև առաջինն է, որ հորինել ու երգել է վրացական խաղեր՝ օգտագործելով պարսկական բանաստեղծության ձևերը. այս նորարարության համար հրավիրվել է պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլի II–ի սազանդար։ Շուրջ տասը տարի բանաստեղծը շփվել է պալատական միջավայրի հետ՝ հաճախակի Թիֆլիսից անցնելով Թելավ։ Նա երգել ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձի պահելով իր արժանապատվությունը։ Սայաթ–Նովայի կյանքը խաղաղ չի անցել. դավեր են նյութել նրա դեմ, հառացնել տվել պալատից։ Սայաթ–Նովան կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է հնազանդ սիրահարի դերը և հանուն նվիրական ու անապակ սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։
Սիրային երգեր
Իբրև սիրերգու՝ նա գեղեցիկի ու կատարյալի երկրպագու է, ամենանվիրական ու նրբին զգացմունքների արտահայտիչ, չնայած դրանց համար օգտագործած պատկերներն ու համեմատությունները՝ արեգակի փար, ռաշ ձի, թովուզի տախտ, փռանգի սուրաթ ևն շատ են ծավալային ու երբեմն էլ՝ անսովոր։ Նրա սիրային երգերն հատուկ են նաև խոր դրամատիզմն ու բախումները, որոնց պատճառը ոճ միայն բանաստեղծի ողբերգական սերն է, այլև կյանքի ու իրականության անլուծելի հակասությունները, սոցիալական անհավասարությունը, գեղեցիկի ոտնահարումը։ Սայաթ–Նովային շատ են զբաղեցրել մարդու բարոյական կատարելության ու գեղեցկության հարվերը, դարի ու ժամանակի այլանդակության, մարդու մանրացման ու մարդկային աղարտման պատճառները, որոնք, ի վերջո մնում են անբացատրելի. մարմնականին բավարարություն տվողը չպիտի մոռանա նաև հոգու կամքը կատարելը։
Ժառանգություն
Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական–ժողովրդական քնարերգության բարձրակետ է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնվել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման ու անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, այն դրել նոր հունի մեջ՝ հեղաշրջելով 16-րդ դարը։ Ծայր առած աշուղական բանաստեղծության ձևն ու բովանդակությունը։ Նա հայ իրականության մեջ առաջին բանաստեղծն է, որ բազմալեզու ստեղծագործությամբ մեծ դեր է խաղացել Կովկասի ժողովուրդների հոգևոր մերձեցման գործում։ Սկսած 18-րդ դարի երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ-Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության:
Աշխարհումս ախ չիմ քաշի, քանի վուր ջան իս ինձ ամա.
Անմահական ջըրով լիքըն, օսկե փընջան իս ինձ ամա.
Նըստիմ, վըրես շըվաք անիս` զարբաբ վըրան իս ինձ ամա.
Սուչս իմացի, է՛նենց սպանե` սուլթան ու խան իս ինձ ամա:
Մեչկըտ սալբու-չինարի պես, ռանգըտ Փըռանգի ատլաս է,
Լիզուտ շաքար, պըռոշտ ղանդ, ակռեքըտ մարքրիտ, ալմաս է.
Օսկու մերըն մինա արած, աչկիրըտ,ակնակապ թաս է.
Պատվական անգին ջավահիր, լալ-Բադեշխան իս ինձ ամա:
Յիս ես դարդւն վունց դիմանամ, մակամ սիրտըս ունիմ քարած,
Արտասունքս արուն շինեցիր, խիլքըն գըլխես ունիմ տարած,
Նուր բաղ իս, նուր բաղչի մեչըն` բոլորքըտ վարթով չափարած.
Վըրետ շուռ գամ բըլբուլի պես`սիրով սեյրան իս ինձ ամա:
Քու էշխըն ինձի մաստ արավ. յիս զարթուն իմ, սիրտըս է քընած.Աշխարս աշխարով կըշտացավ, իմ սիրտըս քիզնից սով մնաց.Յար,քիզ ինչով թարիփ անիմ` աշխարումըս բան չըմնաց.Կրակե, ծովեմեն դուս եկած, ռաշ ու ջեյրան իս ինձ ամա:
Ինչ կուլի մեկ հիդըս խոսիս, թեվուր Սայաթ-Նովու յար իս.
Շուղկըտ աշխարըս բըռնիլ է`արեգակի դեմըն փար իս.
Հուտով հիլ, միխակ, դարչին, վարթ, մանուշակ, սուսանբար իս,
Կարմըրագուն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=322402687891570&id=100003655231908
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել