Հունվարին Արսեն Թորոսյանը լրագրողների առաջ հայտարարեց, որ եթե պետպատվեր ունեցող բուժկենտրոններում ուռուցքաբանական վիրահատության կարիք եղավ, ապա քաղաքացին վիրահատության համար գումար չի վճարի (մեջբերումը բառացի չէ, բայց իմաստը դա էր)։ Հասարակությունն այս արտահայտությունն ընկալեց հետևյալ կերպ՝ «քաղցկեղի բուժումը Հայաստանում արդեն լրիվ անվճար է»։ Արդյունքում Արսեն Թորոսյանի ռեյտինգն էապես բարձրացավ։

Հասկանալով, որ «քաղցկեղի անվճար բուժումն» օբյեկտիվորեն անհնար է, մենք հարցում ուղարկեցինք ՀՀ առողջապահության նախարարին՝ կոնկրետ հարցադրումներով։ Ստացվեց երկար պատասխան, որից հետևում էր, որ «քաղցկեղի լրիվ անվճար բուժման» մասին խոսք չկա։

Իսկ երեկ Արսեն Թորոսյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում հայտարարեց․ «Ես երբեք չեմ ասել՝ քաղցկեղի անվճար բուժում։ Մենք ասել ենք՝ քաղցկեղի վիրահատությունների համավճարի վերացում»։

Ո՞րն է Արսեն Թորոսյանի «մեղքը»։ Արդյո՞ք նա չէր պատկերացնում, թե ինչպես է իր հայտարարությունն ընկալվելու հասարակության կողմից։ Երևի թե պատկերացնում էր։ Այդ դեպքում ինչո՞ւ նա չփորձեց արագ և ՄԱՏՉԵԼԻ կերպով «փարատել» հասարակության սխալ պատկերացումները և «սպասեց» այնքան, մինչև որ իրեն կոնկրետ հարց տան ԱԺ-ում։ Միանգամից ասեմ, որ երկար «լայվերը» և ասուլիսները, որոնց ընթացքում տարբեր հարցերի հետ մեկտեղ քննարկվում է նաև քաղցկեղի բուժման հարցը, հասարակության հետ «շփման» արդյունավետ միջոցներ չեն։ Արդյունավետ միջոց կլիներ կոնկրետ հայտարարությունը՝ «ժողովուրդ ջան, ինձ սխալ եք հասկացել» բովանդակությամբ։ Այս հայտարարությունը ԶԼՄ-ները կտարածեին, արդյունքում հասարակությունը կլիներ տեղեկացված։

Պարտավո՞ր էր արդյոք Արսեն Թորոսյանը փարատել հասարակության սխալ պատկերացումները։ Իրավական տեսանկյունից՝ իհարկե ոչ, իսկ ընդհանուր առմամբ՝ երևի այո, քանի որ քաղցկեղի բուժումը ՀՀ-ի համար ամենացավոտ հարցերից է։ Նախարարը չպետք է թույլ տար, որ հասարակությունը նման զգայուն հարցում «մոլորության մեջ» լինի։ Եվ պետք է ֆիքսել, որ դա չանելու արդյունքում անարդարացիորեն «շահեց» նրա ռեյտինգը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել