«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի հեղինակը բողոքել է YouTube-ին՝ պնդելով, որ «Գործ N մարտի 1» ֆիլմում օգտագործվել են իր ֆիլմից «գողացված» կադրեր։ YouTube-ը արգելափակել է «Գործ N մարտի 1» ֆիլմը՝ հեղինակային իրավունքի խախտման հիմքով։

Արդյո՞ք այս որոշումը միանշանակ ճիշտ է։ Արդյո՞ք «ուրիշի ֆիլմից վերցրած կադրեր օգտագործելը» մեխանիկորեն համարվում է հեղինակային իրավունքի խախտում։

«Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի 22-րդ և 53-րդ հոդվածներից հետևում է, որ «ուրիշի ֆիլմից վերցրած կադրերի օգտագործումը» կարող է թույլատրելի լինել, եթե․
- կադրերն օգտագործելիս նշվել են սկզբնաղբյուր ֆիլմի ու դրա հեղինակի անունները, 
- կադրերն օգտագործվել են «ողջամիտ» ծավալով,
- կադրերն օգտագործելը չի վնասել սկզբնաղբյուր ֆիլմի հեղինակների օրինական շահերը։

Իհարկե հարց է, թե որքանով է YouTube-ը հիմք ընդունում ՀՀ օրենսդրությունը։ YouTube-ը նման հարցերի համար ունի սեփական կանոններ։ Այդ կանոնների համաձայն ևս՝ «ուրիշի ֆիլմից վերցրած կադրեր օգտագործելը» դեռ մեխանիկորեն չի համարվում հեղինակային իրավունքի խախտում։

Ավելին, ֆիլմերը չեմ նայել, բայց կարծում եմ, որ այստեղ ֆիլմի «հեղինակային կադրերի գողության» դեպք հազիվ թե լինի։ Ուղղակի շատ հնարավոր է, որ երկու հեղինակներն էլ իրենց ֆիլմերը ստեղծելիս օգտված լինեն նույն նյութերից (որոնք հեղինակներից որևէ մեկի «սեփականությունը» չեն)։

Ենթադրում եմ, որ YouTube-ի որոշումը կամ միակողմանի է եղել (չի լսվել և հաշվի չի առնվել մյուս կողմի կարծիքը), կամ էլ «քաղաքական» ենթատեքստ է ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել