Yerkir.am-ը գրում է․

Դժվար է չհամաձայնել, որ վերջին շրջանում նկատվում են աշխարհաքաղաքական, նաև աշխարհատնտեսական շահերի խտացման ու բևեռացման միտումներ Հեռավոր Արևելքի տարածաշրջանում:

Թեև որոշակի դրական տեղաշարժեր են արձանագրվում Միացյալ Նահանգների ու Չինաստանի միջև առևտրատնտեսական դիմակայության կարգավորման բանակցություններում, այդուհանդերձ, կողմերը դեռ հեռու են այդ ուղղությամբ լիակատար կոնսենսուսի գալուց: Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կարևորելով Պեկինի հետ բանակցություններում արձանագրվող առաջընթացը, հայտարարեց, որ կարող է հետաձգել 200 մլրդ ընդհանուր արժողությամբ չինական ապրանքների մաքսերի բարձրացումը: Ընդ որում` վերջերս նկատվում է հեռավորարևելյան տարածաշրջանային զարգացումներում չինական գործոնի դերակատարության ընդլայնման միտում, այդ թվում` Կորեական թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։

ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունները. մեծ սպասելիքներ, փոքր արդյունքներ

Միջազգային հանրությունը մեծ սպասումներ ուներ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի առաջնորդների հերթական հանդիպումից: Նույնիսկ լուրեր էին շրջանառվում, թե առաջիկայում կողմերը կգան համապարփակ փոխհամաձայնության Հյուսիսային Կորեայի և ամբողջ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցի շուրջ: Սակայն Վիետնամում անցկացված գագաթնաժողովում երկու երկրների առաջնորդները ոչ միայն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ, այլև Թրամփն ու Կիմ Չեն Ընը նախատեսվածից շուտ լքեցին գագաթնաժողովի անցկացման վայրը, արդյունքում` որևէ փաստաթուղթ չստորագրվեց, չեղարկվեց նաև ղեկավարների գործնական ընթրիքը:

Բանակցություններում հիմնական հակասությունը, ըստ նախագահ Թրամփի, եղել է Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների շուրջ. Հյուսիսային Կորեայի առաջնորդը հակված է եղել, որ պատժամիջոցներն ամբողջությամբ և անհապաղ վերացվեն, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար: Այլ տվյալներով` Թրամփ-Կիմ Չեն Ըն բանակցությունների վաղաժամ ավարտի պատճառը եղել է Թրամփի՝ ուրանի հարստացման գաղտնի ձեռնարկությունը փակելու պահանջը, որը մերժվել է։ Փորձագետների մի մասը բանակցությունների անարդյունավետությունը պայմանավորում է երկու առաջնորդների՝ հանդիպումից առավելագույնը ստանալու մղումով, ինչպեսև հիմնահարցի` չափից ավելի «անձնավորմամբ»:

Բանակցությունների հերթական փուլի տապալումից անմիջապես հետո Վաշինգտոնը փորձեց ճնշումներ բանեցնել Հյուսիսային Կորեայի ուղղությամբ: Մասնավորապես` օրերս ԱՄՆ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ամերիկյան կողմը ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների ուժեղացման բոլոր տարբերակները, ընդհուպ` նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, եթե երկրի ղեկավարությունը չգնա փոխզիջման Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում:

Ռազմական բախումներ Հնդկաստան-Պակիստան ճակատում

Հեռավորարևելյան տարածաշրջանը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ կապված մեկ այլ տարածաշրջանային ու միջազգային նշանակության հիմնահարցի՝ Հնդկաստան-Պակիստան վերսկսված ռազմական դիմակայության հետ։ Պետք է նկատել, որ ռազմական գործողությունների վերաբերյալ առկա տեղեկատվությունն առհասարակ աչքի էր ընկնում հակասականությամբ։ Կողմերը պաշտոնապես հայտարարեցին, որ խոցել են միմյանց ռազմաօդային ուժերի մի քանի կործանիչներ։

Այս ամենում հատկանշականն այն է, որ երկու միջուկային պետությունների՝ Հնդկաստանի ու Պակիստանի միջև վերսկսված ռազմական բախումների ակտիվ փուլը գրեթե համընկավ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հերթական բանակցությունների հետ։ Արդյո՞ք դա զուտ զուգադիպություն էր։ Կարծում ենք` ոչ. հեռավորարևելյան տարածաշրջանում ընթացող միջազգային նշանակության այդ երկու զուգահեռ իրադարձությունները եթե ոչ ուղղակի, ապա գոնե անուղղակի, միջնորդավորված փոխկապակցված են և, ըստ էության, տեղավորվում են այդ տարածաշրջանում ընթացող ռազմաքաղաքական, տնտեսական գործընթացների ընդհանուր տրամաբանության մեջ։ Այդ ամենը, անշուշտ, չի շրջանցում նաև ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական մրցակցության ընթացիկ գործընթացը, որն ամբողջությամբ տեղավորվում է նշյալ տարածաշրջանային միտումների տրամաբանության մեջ։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերություններն աստիճանաբար սրվում էին` ս.թ. փետրվարի կեսերից սկսած, երբ, մասնավորապես, փետրվարի 14-ին Քաշմիրի՝ Հնդկաստանի հսկողության տակ գտնվող հատվածում Պակիստանի կողմից ներխուժած մահապարտի ահաբեկչական գործողության հետևանքով զոհվեցին 40 հնդիկ զինվորականներ: Կողմերի միջև լարվածության գագաթնակետը, սակայն, փետրվարի վերջերին էր, երբ հակամարտող կողմերը գործի դրեցին ռազմաօդային ուժերը։  Հնդկաստանի օդուժը հարվածներ հասցրեց Քաշմիրի պակիստանյան հատվածում տեղակայված ռազմական կենտրոնին, որտեղ, ըստ հնդկական կողմի, տեղակայված էին «Ջաիշ է Մուհամմադ» խմբավորման ահաբեկիչները: Արդյունքում` կողմերը խոցեցին կործանիչներ, գերեվարվեց հնդիկ օդաչու։

Հետևելով Հնդկաստան-Պակիստան վերջին ռազմական բախումներին, տպավորություն է ստեղծվում, որ պակիստանյան կողմը փորձում է թուլացնել հռետորաբանությունը և երկխոսության եզրեր գտնել։ Պակիստանի վարչապետ Իմրան Խանը օրերս հայտարարեց, որ Իսլամաբադը, որպես «բարի կամքի դրսևորում», պատրաստակամություն է ցուցաբերում ազատ արձակել հնդիկ օդաչուին: Պակիստանի ԱԳՆ ղեկավար Շահ Մեհմուդ Քուրեշին իր հերթին հայտարարեց, որ կհաջողվի խուսափել Հնդկաստանի հետ լայնածավալ ռազմական բախումից, հակառակ դեպքում` այդ պատերազմը կհանգեցնի «երկկողմանի ինքնաոչնչացման»։ Նրա խոսքով` «Պակիստանը երբեք չի ձգտում հակամարտության թեժացման, երբեք չի ձգտում թշնամական դիրքորոշում որդեգրել»։ Մեղմ ասած` փոքր-ինչ այլ են տրամադրությունները Հնդկաստանում։ Այդ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարեց, որ ժողովուրդը պետք է ամուր կանգնի և միավորվի, քանի որ թշնամին ցանկանում է ապակայունացնել Հնդկաստանը:

Թեև հակամարտության սրացումն անմիջապես ուղեկցվեց ռազմաօդային ուժերի ուղղակի մասնակցությամբ, այդուհանդերձ, մեր գնահատականով, դժվար թե այն վերածվի լոկալ կամ, առավել ևս, լայնածավալ պատերազմական գործողությունների մի քանի պատճառով.

  • Նախ՝ հակամարտության սրացումը և վերաճումը լոկալ կամ լայնածավալ ռազմական գործողությունների, ըստ էության, չի բխում աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների, առաջին հերթին` Վաշինգտոնի շահերից։ Նախագահ Թրամփի վարչակազմը զգալի քաղաքական ռեսուրսներ է գործադրել ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունների նախապատրաստման և, ըստ փուլերի, ամբողջ բանակցային գործընթացի ապահովման համար, իսկ պակիստանա-հնդկական ճակատում ռազմական գործողությունների բռնկումը կարող է ամբողջությամբ տապալել այդ ուղղությամբ Վաշինգտոնի ջանքերը և, առհասարակ, բանակցային գործընթացը: Այս տեսանկյունից քիչ հավանական է նաև կողմերի միջև լոկալ ռազմական առճակատումը։ Իհարկե, լարվածությունն առաջիկայում կարող է պահպանվել, նույնիսկ առժամանակ հնարավոր են փոխհրաձգություններ, սակայն ավելի լուրջ զարգացումներ այդ ուղղությամբ թերևս քիչ հավանական են։ Ավելին` Վաշինգտոնը փորձում է միջնորդել և նպաստել ճգնաժամի կարգավորմանը:
  • Հակամարտության խորացումը ձեռնտու չէ Ռուսաստանին կամ Չինաստանին։ Մոսկվայի համար, որը զգալիորեն ներգրավված է սիրիական ճգնաժամի հաղթահարման գործընթացներում, անցանկալի, հավելյալ խնդիրներով իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Հնդկաստան-Պակիստան դիմակայությունը ընթանա ռազմական ճանապարհով։ ԱՄՆ-Չինաստան առևտրատնտեսական դիմակայությունում վերջերս նկատվում են բանակցային դրական տեղաշարժեր, ուստի չինական կողմը ևս չի ցանկանա տեսնել հավելյալ խմորումներ այդ տարածաշրջանում։ Այլ է հարցը, որ թե՛ Մոսկվայի, թե՛ Պեկինի համար Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատումը գուցե կարող էր դիտվել որպես ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունների վրա բացասական ֆոն ստեղծելու և բանակցություններն առհասարակ տապալելու լավ հնարավորություն։ Հավելենք նաև, որ զարգանում է Չինաստան-Պակիստան ռազմավարական համագործակցությունը, այդ թվում՝ չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ռազմավարական նախաձեռնության շրջանակում։ Թեև Հնդկաստան-Պակիստան հակամարտությունում Չինաստանը կողմնորոշվել է հօգուտ Պակիստանի և, չնայած համաշխարհային ու տարածաշրջանային մակարդակներում ՉԺՀ-Հնդկաստան տնտեսական, քաղաքական մրցակցությանը, վերջին տարիներին ՉԺՀ ղեկավարությունը աշխատանքներ է տանում` զարգացնելու երկխոսությունը, այդ թվում` և Հնդկաստանի հետ։ Սա նախ խոսում է Չինաստանի՝ տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներով լիդերության հասնելու մտադրությունների մասին։
  • Չենք կարծում, որ հակամարտության վերաճումը լայնածավալ ռազմական գործողությունների կարող է բխել Հնդկաստանի շահերից՝ այն պարզ պատճառով, որ դրանք աղետալի հետևանքներ կունենան այդ երկրի տնտեսության վրա, որն այսօրվա դրությամբ համաշխարհային տնտեսական աճն ապահովող հիմնական խաղացողներից է։

Նշենք, որ կողմերի միջև ռազմական առճակատումն ամենևին էլ նախադեպ չէր։ Կողմերը բավական մոտ էին պատերազմին դեռևս 1999թ., երբ շուրջ 1000 պակիստանցի զինյալներ, հատելով սահմանագիծը, վերահսկողության տակ առան բարձունքներ։  Երկու երկրների միջև սահմանային խախտման միջադեպերը կանոնավոր կերպով պահպանվել են վերջին մեկ տասնամյակում։ Իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից 2014թ. ևս, երբ փոխհրաձգությունների հետևանքով կողմերն ունեցան զոհեր ու վիրավորներ։ Միևնույն ժամանակ, սակայն, կարևոր է արձանագրել, որ ս.թ. փետրվարի վերջերին Հնդկաստան-Պակիստան ռազմական առճակատումն աննախադեպ էր այն առումով, որ Պակիստանի ուղղությամբ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կողմից օդային հարվածներն առաջինն էին 1971թ. պակիստանա-հնդկական երրորդ պատերազմից ի վեր։ 

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել