ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի գործով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Խաչատուր Պողոսյանի առողջական խնդիրների պատճառով:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակվեց համապատասխան քրեակատարողական հիմնարկից ստացված տեղեկանքը, ըստ որի շաքարային դիաբետով տառապող ամբաստանյալը չի կարող մասնակցել դատական նիստին արյան մեջ շաքարի տոկոսի բարձրացման պատճառով՝ այն 13,6 տոկոս է: Դատական նիստին չէին ներկայացվել նաև մյուս ամբաստանյալները՝ սպանության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը և սպանության փորձը կատարելու մեջ մեղադրվող Սամվել Հարությունյանը:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արամ Ամիրզադյանը հայտարարեց, որ ըստ իր տեղեկությունների, այսօրվա համար բժշկական ստուգում ու անալիզների հանձնում նախատեսված չի եղել, ինչպես նախօրեի դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Խ.Պողոսյանը: Այսինքն, ըստ մեղադրողի, ամբաստանյալը նախատեսել էր, որ չի ներկայանալու ներկա դատական նիստին: Ա.Ամիրզադյանը կասկած հայտնեց, որ ամբաստանյալը չի ընդունում հակադիաբետային իր դեղորայքը՝ հակառակ դեպքում շաքարի մակարդակն այդքան չէր բարձրանա:

Հունիսի 17-ին նշանակված հաջորդ դատական նիստին, ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի, կհետազոտվեն գործի ապացույցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել