Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ արգելվում է առևտրային կազմակերպությունների միջև հարաբերություններում նվիրատվությունը (Քաղ․ օր․-ի 598-րդ հոդված, 3-րդ կետ)։

Քաղաքացիական օրենսգիրքը նաև սահմանում է, որ դատարանը կարող է վերացնել ա/ձ-ի կամ իրավաբանական անձի կատարած նվիրատվությունը (Քաղ․ օր․-ի 601-րդ հոդված, 4-րդ մաս)։

Այս երկու հոդվածները հիմք ընդունելով՝ որոշ փաստաբաններ փորձում են անվավեր ճանաչել այն գրավի պայմանագրերը, որոնցով, օրինակ, ՍՊԸ-ն իր գույքը գրավադրել է՝ որպես այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի վարկային պարտավորության ապահովում։

Տրամաբանությունը հետևյալն է․ ՍՊԸ-ն, իր գույքը «այլ անձի համար» գրավադրելով, դրա դիմաց որևէ հատուցում չի ստանում, hետևաբար նման գրավն իր էությամբ ՍՊԸ-ի կողմից տրված «նվեր» է։ Պարզ ասած` ՍՊԸ-ի կնքած ցանկացած «անհատույց» գործարք դիտվում է որպես ՍՊԸ-ի կողմից տրված «նվեր», ինչն արգելվում է։

Արդյո՞ք դա իրականում այդպես է։ Արդյո՞ք «նվեր» հասկացությունը պետք է մեկնաբանվի այդքան լայն՝ ներառելով ոչ միայն բուն նվիրատվությունը, այլև ցանկացած այլ անհատույց գործարքները։

Կարծում եմ` ոչ։ Օրինակ` քաղ․ օր․-ի 688-րդ հոդվածը սահմանում է, որ առևտրային կազմակերպությունը (ՍՊԸ-ն) իրավունք չունի գույքն անհատույց օգտագործման հանձնել իր հիմնադրին, մասնակցին, ղեկավարին, կառավարման կամ վերահսկողության մարմինների անդամին:

Այսինքն` ՍՊԸ-ն իրավունք ունի իր գույքն անհատույց օգտագործման հանձնել այն անձանց, ովքեր վերը նշված ցուցակի մեջ չեն մտնում։

Այսպիսով` ՍՊԸ-ի կողմից կնքված ցանկացած անհատույց գործարք չի կարող մեխանիկորեն մեկնաբանվել որպես «նվեր» և համարվել անթույլատրելի։ Սա մի փաստարկ է, թե ինչու վերը քննարկված գրավի պայմանագիրը չի կարող անվավեր ճանաչվել «նվեր» լինելու հիմքով։

Ու ես դեռ մի կողմ եմ թողնում ու չեմ քննարկում Քաղ․ օր․-ի 402-րդ հոդվածի 3-րդ կետը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել