Վազգեն Սարգսյանը՝ որպես իրոք պատմական նշանակության անհատ ու հզոր ազգային կերպար, մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ դեռ դարեր շարունակ: 

Հիմա մի քիչ փոխվել են ժամանակները։ Դասագրքային ու գեղարվեստական պատմական անհատներին փոխարինել են մեզ հետ միասին ապրած, մեր աչքի առաջ իրենց գործունեությունը ծավալած մարդիկ: Ոչ թե գրքերում հայտնի ու հնչեղ անուններ, այլ սովորական մարդիկ, ինչին մենք սովոր չէինք, երևի: Սովոր չէինք, որ պատմական անհատները մեր կողքին ապրում են: Պատմական անհատի տեղը պատմությունն է կամ պատմավեպը, որովհետև եթե նա ապրում է մեզ հետ ու մեր մեջ, ապա դա դառնում է նրա ժամանակը: Դա կարելի է ձևակերպել այսպես՝ մենք ապրում էինք Վազգենի ժամանակներում, ժամանակը նրանն էր: 

Ես վստահ եմ, որ եթե ապրեինք, օրինակ, Դավիթ Բեկի ժամանակներում, ապա էլի կգտնվեին շատ մարդիկ, որոնք հրեշի հատկանիշներ կվերագրեին վերջինիս, ամենախիստ խոսքերով կկծմծեին ու թունոտ կանիծեին նրան էլ, 
որովհետև մենք մեծ անհատականություններ չենք հանդուրժում: 

Այդպես էլ շատ մարդիկ Վազգենին չեն սիրում, ոմանք էլ ուղղակի ատում են: Վերջին խմբում են հատկապես նրանք, ովքեր մեծ դավադրությունների սիրահար են (գուցե իրենք էլ չգիտակցելով) և կամ խառնակչությունների, օրինակ՝ պառլամենտի շենքը գրոհելու, կողմնակից: 

Մի մասը Վազգենին համարյա սրբադասում է, մյուսը՝ անիծում նրա հիշատակը: Մի մասի համար նա սպարապետ է, մյուսների համար՝ ինքնակոչ ռամիկ (Մխիթար Սպարապետն էլ էր իր ժամանակին արժանանում նույն վերաբերմունքին, ի դեպ)։ 

Ինչպես ոմանք ասում են, իրենք Վազգենին չեն ներում հայտնի պալատական հեղաշրջման ժամանակ բռնած դիրքը: Ասում են, որ եթե նա կանգներ մյուս կողմում, ապա Հայաստանի ճակատագիրը կարող էր լրիվ ուրիշ լինել: Ես այդ թեզին չեմ վստահում։ Ինչևէ, դա լրիվ ուրիշ խոսակցություն է: Իսկ ո՞ր մի պատմական խոշոր անհատն է մինչև վերջին բջիջն անսխալական եղել կամ եղել իդեալական: Պատմական խոշոր անհատը նախ և առաջ մարդ է՝ մարդ արարածին բնորոշ ամեն ինչով՝ հուզականությամբ, սխալականությամբ, իմպուլսիվությամբ և այլն: 
Իրականում շատերը Վազգենին չեն կարողանում ներել նրա մեծ ուժը, անձի այն հզոր հատկանիշները, որոնք ունենալ իրենք չկարողացան և հասկանում են, որ երբեք էլ չեն կարողանա: 

Եվ միայն Վազգենին չէ. ընդգծված առավելությունն ուրիշներին նրանք առհասարակ չեն ներում. նույն Վանոյին, Տեր-Պետրոսյանին և այլն: Դուք լինեիք նրանց փոխարեն՝ ձեզ չէին ներելու ձեր ընդգծված առավելությունը: Սա ուրիշի անկհայտ առավելությունը չներելու՝ փոքր մարդկանց հատուկ փոքրոգությունն է: Դրա իրավունքը ոչ ոք նրանցից խլել չի պատրաստվում, իհարկե. թող այդպես էլ մնան իրենց ներսում եռացող նախանձի կաթսաների բլթբլթոցի մեջ: 

Բայց, անկախ այդ ամեն ինչից, Վազգենը մնալու է հայոց պատմության մեջ որպես պետականաստեղծ սերնդի հզորագույն ներկայացուցիչներից մեկը, որպես ճգնաժամային վիճակում ազգային միասնության խորհրդանիշներից մեկը: Եվ դարեր շարունակ: Իսկ Վազգենի մասին հայհոյանքներ ու անեծքներ տեղացողներին վերջին հիշողները լինելու են իրենց թոռները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել