Armenpress.am-ը գրում է.

ԵԱՀԿ-ն մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին ու պատրաստ է նպաստել կառուցողական զարգացումներին: ԵԱՀԿ մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահՍլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ ԼայչակըԲաքվում կայացած ասուլիսում:

Լայչակը վերահաստատել է ԵԱՀԿ-ի աջակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու գործում և վստահության ու երկխոսության կայունությունն ամրապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:

«Քայլ առ քայլ և առանց ընդհատումների, ավելի ու ավելի ակտիվ երկխոսությամբ կարելի է հասնել այն մարդկանց կյանքի բարելավմանը, որոնք տուժել են հակամարտությունում: Ժողովրդին խաղաղության նախապատրաստելը շատ կարևոր է»,- ասել է Լայչակը:

Նա ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահությամբ պատրաստակամություն է հայտնել սատարել համագործակցության ու երկխոսության զարգացմանն ուղղված քայլերին:

«ԵԱՀԿ-ն ոգևորված է ոչ պաշտոնական երկխոսություններով, որոնց ականատեսն ենք լինում մինչ օրս: Մենք ուշադիր հետևում ենք կառուցողական զարգացումների հնարավորություններին և պատրաստ ենք նպաստելու դրան, երբ անհրաժեշտ լինի»,- նշել է Լայչակը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը երեք ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել վերջին մի քանի ամիսների ընթացքում: Նրանք 2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կարճ զրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: Երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո մինչ օրս կողմերի միջև «օպերատիվ կապ» է հաստատվել: Փաշինյան-Ալիև ևս մեկ ոչ պաշտոնական հանդիպում է կայացել նաև դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել