Yerkir.am-ը գրում է.

Հայաստանի կողմից Իրանի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը կվավերացվի առաջիկա նիստերի ընթացքում. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Սա լինելու է մեր առաջին` պարզվեցված առևտրի մասին համաձայնագիրը Իրանի հետ ԵԱՏՄ կազմում: Այն մեզ համար հնարավորություն է Հայաստանում արտադրված ցանկացած բան ներմուծելու Իրանի շուկա ավելի քիչ արգելքներով ու սահմանափակումներով: Սա նաև առևտուրն ընդլայնելու մեծ հնարավորություն է», -ընդգծեց Խաչատրյանը:

Նա նաև շեշտեց, որ մաքսատուրքերը ոչ բոլոր դեպքերում են զրոյացվել, հենց այս պատճառով էլ տվյալ համաձայնագիրն անցումային է համարվում: «Հաջորդ համաձայնագիրը կզրոյացնի մաքսատուրքերը»,- հավելեց նախարարը:

Խոսելով այն մասին`արդյո՞ք Իրանի դեմ պատժամիջոցները չեն ազդի համաձայնագիրն արդյունավետ կյանքի կոչելու վրա, Խաչատրյանը հավաստիացրեց. «Պատժամիջոցները, բնականաբար, ազդում են, բայց պատժամիջոցները ժամանակավոր են, իսկ համաձայնագիրը երկարաժամկետ է»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՏՄ-ն ու Իրանը ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որն այս պահին վավերացման գործընթացում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել