Շատերը, լսելով «բյուջեի պլանավորում» արտահայտությունը, տրամադրության անկում են ունենում։ Հաճախ այն ասոցացվում է տհաճ, բարդ և անօգուտ աշխատանքի հետ, սակայն գումարը ճիշտ և հանգիստ խնայելու համար գոյություն ունեն մի շարք միջոցներ։
Սխեմա 20/80
Այս սխեմայով շարժվելու համար հարկավոր է․
- Սկզբի համար վճարել բոլոր պարտքերը և ապառիկները։
- Եկամուտի 20%-ը ներդնել որևէ գործի մեջ կամ պահել բանկում։ Սա այն գումարն է, որը երբեք չի կարելի ծախսել։
- Մնացած 80%-ը ծախսել ըստ ձեր հայեցողության։
Որպեսզի ընթացքում որևէ բան սխալ չընթանա, պետք է անպայման պահպանել հաջորդականությունը․ սկզբում պահում ենք, այնուհետև՝ ծախսում։ Եթե 20%-ը ձեր բյուջեյի համար մեծ գումար է, ապա սկզբի համար փորձեք 10%-ով։
Սխեմա 60/10/10/10/10
Այս սխեմայում բյուջեի պլանավորումը լինում է հետևյալ կերպ․
- 60% - հիմնական ծախսեր
- 10% - կենսաթոշակային կուտակումներ
- 10% - երկարաժամկետ գնումներ և վճարումներ
- 10% - ոչ կանոնավոր ծախսեր
- 10% - խրախճանք
Հիմնական ծախսերի մեջ են մտնում սնունդը, կոմունալ ծախսերը, տրանսպորտը, հագուստը։ Երկարաժամկետ գնումների մեջ են մտնում, օրինակ, մեքենա գնելը, վերանորոգումը կամ պարտքերի մարումը։ Ոչ կանոնավոր ծախսերի մեջ են մտնում մեքենայի վերանորոգումը, բուժումները, նվերները։
Տասնորդի սխեմա
Այս սխեման ենթադրում է յուրաքանչյուր եկամուտից 10%-ի խնայում։ Այս գումարի խնայումը բյուջեի վրա որևէ ազդեցություն չի ունենում և գործնականում չի փոխում կյանքի որակը։ Կարևորը՝ գումարը ամենասկզբից մի կողմ դրեք, որպեսզի հետագայում չտրվեք գայթակղությանը և չծախսեք այն։