Վերջին տասնամյակում Հայաստանի քաղաքական և տնտեսական դրությունը մեծապես պայմանավորված է եղել Մարտի 1-ով: Ընդ որում և՛ կորուստները, և՛ հեղափոխությունը:

Մարտի 1-ով խլվեց քաղաքացիների քաղաքական ազատությունների իրավունքը՝ մահաբեր ուժի գործադրմամբ: Այստեղ էականը մահաբեր ուժի փաստն է: Որովհետև 2008թ.-ից առաջ էլ եղել են ընտրակեղծիքներ ու ընտրական ազատ կամքի ճնշումներ, բայց 2008թ.-ին ցույց տրվեց, որ ցանկացած քաղաքական զարթոնք կպատժվի սպանությամբ: Ու վերջին 10 տարին մենք ապրել ենք՝ գլխներիս կախված ունենալով այդ սպառնալիքը: 2018թ.-ին արդեն ուշ էր: Նույն Մարտի 1-ի նախադեպը կասեցրեց դրա իսկ կրկնման հնարավորությունը: Նոր Մարտի 1 չեղավ, որովհետև Մարտի 1 արդեն եղել էր:

Քաղաքական գնահատականն արդեն տրված է: Իրավական գնահատականն անհրաժեշտ է, որ ոչ մի իշխանավոր երբեք չմտածի, որ նման փորձերն անպատիժ կմնան: Նման դեպքերի բացառման երաշխիք են նաև ժողովրդավարական ինստիտուտների ամրացումը, հարաբերություններում բռնության բացառումը, ընտրությունների միջոցով իշխանափոխությունը և քաղաքացիական վերահսկողությունը:

Մարտի 1-ը ոչ միայն անցյալի մասին է, այլև՝ ապագայի: Մարտի 1-ի գործի արդար դատաքննությունից է կախված, թե ինչպիսի քաղաքական համակարգ ու հանրային համերաշխության մակարդակ մենք կունենանք այսուհետ:

Այսօր, ժամը՝ 18.30-ին՝ երթ ենք անում Ազատության հրապարակից՝ Մյասնիկյանի հուշարձան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել