Հայաստանի տարածքն իրանական գազի տարանցման համար տրամադրելու Փաշինյանի հայտարարությունն առաջին հայացքից բխում է Հայաստանի ազգային և պետական շահից: Այս շահի գիտակցումը եղել է Հայաստանի բոլոր իշխանությունների մոտ, և դրանով էր պայմանավորված Իրան-Հայաստան գազատարի կառուցումը՝ թեկուզ նախատեսվածից առավել փոքր տրամագիծ ունեցող խողովակով:

Սակայն բնական գազի տարանցումը, բացի տնտեսական օգուտներից, հարուցում է անվտանգային լուրջ ռիսկեր: Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման և պաշտպանության համակարգում բնական գազի մատակարարման ճանապարհների դիվերսիֆիկացիան հռչակվել էր որպես Ռուսաստանից գազային կախվածության թուլացման միակ արդյունավետ միջոց: Ճանապարհների փնտրտուքը վերջին 20 տարիների ընթացքում պատճառ է դարձել ծանր և արյունալի պատերազմների: Որպես օրինակ բավարար է նշել Սիրիայի պատերազմը:

Որպեսզի փակենք նաև անվտանգային ռիսկերը, անհրաժեշտ է հավաստիանալ, որ այս հայտարարությունը համաձայնեցված է եղել Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների հետ:

Եթե նշված համաձայնություններն առկա են և ամրապնդված են գործուն երաշխիքներով, ապա Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է ճանաչել վերջին 20 տարվա Հայաստանի ամենալուրջ դիվանագիտական հաղթանակ: Իսկ եթե ոչ, ապա նույնիսկ սարսափում եմ մտածել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս հայտարարությունն ու դրա պրակտիկ իրագործումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել