1988 թվականի փետրվարյան այս օրերին Սումգայիթում պետական մակարդակով կազմակերպվեցին քաղաքի հայ համայնքի ջարդերն ու վայրագ սպանությունները։ Այն ժամանակվա կազմակերպիչների պատկերացմամբ` ջարդերը կարող էին կանխել Ղարաբաղյան շարժման մեծացող ալիքը։
Ողբերգական ցանկացած նման դեպքին հավասարազոր չարձագանքելը սպառնում է նորերի ծնունդով, ինչպես եղավ 1990 թվականին Բաքվի ջարդերով։ Չնայած Եվրոխորհրդարանը (1988 թ.), ԱՄՆ Սենատը (1989 թ.) և Արգենտինայի խորհրդարանը դատապարտել են Սումգայիթի կոտորածը, այնուամենայնիվ, այն չպետք է մոռացության մատնվի միջազգային քաղաքակիրթ հանրության կողմից։
Մենք դա թույլ չենք տա։ Մենք կիրառելու ենք խորհրդարանական դիվանագիտության ընձեռած բազմավեկտոր հնարավորությունները, որպեսզի սումգայիթյան ջարդերի փաստը չմոռացվի, և միջազգային ամենաբարձր հարթակներում շարունակվի ադրբեջանական պետական մակարդակով հովանավորվող սպանությունների բարձրաձայնումը, որպեսզի չկրկնվեն բուդապեշտյան դեպքերը, որպեսզի կացնով մարդասպանին չհերոսացնեն, որպեսզի քաղաքակիրթ աշխարհը չլռի։
Դա՝ միջազգային հարթակներում, բայց մենք նաև պարտավոր ենք պետական մակարդակով հոգալ Սումգայիթի և Բաքվի ջարդերից մազապուրծ եղած մեր հայրենակիցների համար, որոնք ապրում են մեր կողքին, իրենց հայրենիքում, բայց մինչ օրս բնակվում են հանրակացարաններում, հաճախ՝ անմարդկային և հակասանիտարական պայմաններում, որոշ դեպքերում՝ բազմանդամ ընտանիքով, մի քանի քառակուսի մետր տարածքում։
Այսօր նրանց խնդիրները շատ են, և սոցիալական երաշխիքներն ու պատկան մարմինների համարժեք գործողությունները չպետք է ուշանան։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ՝ Վահե Էնֆիաջյան