Hetq.am-ը գրում է.

Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված աշխատակիցներից մեկը Գևորգ Խաչատրյանն է, մյուսը՝ ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Տարոն Ավետիսյանը:

Վերը նշված երեք անձանց ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դրանք ու ձերբակալման որոշումներն իրավաչափ  ճանաչել:

«Հետք»-ի հետ զրույցում Սամվել Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը նշեց, որ Ադյանը կասկածվում է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:

Նշենք, որ Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի վերաբերյալ գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում, մեզ հայտնի է միայն, որ գործն առնչվում է բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձանց ենթադրյալ միջամտությանը:

Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալին վերագրվող կասկածն անհիմն է:

«Մեր պաշտպանյալներն ասում են հետևյալը. իրենք ուզեցել են արդարություն, օբյեկտիվություն մտցնել մրցույթների գործընթացում, քանի որ տարիներ շարունակ նույն ընկերությունն է շահել մրցույթը, և այժմ իրենք ցանկացել են օբյեկտիվ, արդար, մրցակցային դաշտ ստեղծել, բայց այդ ամենը, չգիտես ինչու, շրջվել է իրենց դեմ»,- մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մնացականյանը: Պաշտպանը նշեց, որ այս պահին Սամվել Ադյանը ցուցմունք չի տվել և ևս մեկ անգամ պնդեց, որ իր պաշտպանյալի նպատակը եղել է «սառույցը կոտրելն» ու գնումների գործընթացում վերացնելը որևէ ընկերության մենաշնորհային դիրքը:

Ձերբակալված մյուս անձի՝ Գևորգ Խաչատրյանի պաշտպան Արման Արզումանյանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողությունն է: Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս կասկածյալը ևս իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում:

«Իմ պաշտպանյալը բավականին անձնվեր ծառայություն է մատուցել պետությանը, բավականին մեծ աշխատանք է կատարել, և եթե չեմ սխալվում, Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում շուրջ 20 կամ 30 մլն խնայողություն է արվել»,- ասաց Արման Արզումանյանը:

Նշենք, որ մեզ հետ զրույցում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանն ասել է, որ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ փոխեն մատակարարվող ապրանքների տեխնիկական բնութագրերը, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը:

Պաշտպանի խոսքով՝ Գևորգ Խաչատրյանն այս հանգամանքի վերաբերյալ ցուցմունք չի տվել, բայց, որքանով ինքն է տիրապետում տեղեկատվության, տեխնիկական բնութագրերը համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին, որի արդյունքում մրցույթի մասնակցող մեկ ընկերությունից մասնակիցների թիվը աճել ու հասել է 8-ի:

Մեր դիտարկմանը, որ արդյունքում մրցույթում հաղթել է նախկինում տարիներ շարունակ հաղթած նույն ընկերությունը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, պաշտպանը պատասխանեց, որ իրենք ունեն նման մտահոգություն, բայց հստակ տվյալ այս մասով չունեն՝ հարցերին պատասխանելու համար:

Մեր հարցին՝ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն ի՞նչ հարաբերություններ են ունեցել, Ադյանը Խաչատրյանին ինչ ցուցումներ է տվել՝ կապված խնդրահարույց մրցույթների հետ, Արզումանյանը պատասխանեց՝ որքանով ինքն է տեղյակ, Ադյանը ցուցումներ չի տվել Խաչատրյանին, նրանք ունեցել են գործնական հարաբերություններ:

Պաշտպանը նշեց, որ իրեն կանչել են ԱԱԾ, քանի որ պատրաստվում են  Գևորգ Խաչատրյանին մեղադրանք առաջադրել:

Կապ հաստատեցինք նաև այս գործով անցնող Տարոն Ավետիսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ, ով հայտնեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:

Մեր հարցին, թե ըստ կասկածանքի՝ Տարոն Ավետիսյանն ի՞նչ փաստաթղթեր է կեղծել, պաշտպանը պատասխանեց, որ այդ հանգամանքն իրենց այս պահին պարզ չէ, չգիտի նաև, թե ըստ քննություն իրականացնող մարմնի՝ դրանք երբ են կեղծվել և ինչ պայմաններում: Պաշտպանն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում:

Նշենք, որ Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի խոսքով՝ Տարոն Ավետիսյանն իր և Սամվել Ադյանի ընդհանուր ծանոթն է: Մեզ հետ զրուցում Պիվազյանն ասել է, որ հասկանալու համար, թե  սարքավորումների պարագաների մրցույթում իրականում ինչ փոփոխություններ են կատարվում, ցանկացել է հանդիպել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, բայց  իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է:

«Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել