Գաղտնիք չէ, որ հայ կնոջ կերպարը վաղուց ոգեշնչման աղբյուր է եղել մեր նկարիչների համար, սակայն քչերին է հայտնի, որ նրանց գեղեցկությունն իրենց աշխատանքներում արտացոլել են նաև մի շարք եվրոպացի ու ամերիկացի գեղանկարիչներ։

Հատկանշական է, որ հայկական թեմատիկայով աշխատանքների մեծ մասը ստեղծվել է օրիենտալիզմի ժանրում։

Օրիենտալլիզմն արվեստի ուղղություն է, որը տարածված է եղել ինչպես եվրոպացի, այնպես էլ ամերիկացի գեղանկարիչների շրջանում 18-20-րդ դարերում։ Այս ժանրը փոխանցում էր Արևելքի շունչը, արևելյան մշակույթն ու մթնոլորտը, և, վերջապես, արևելյան մարդուն։

Օրիենտալիզմի գլխավոր աշխարհագրական «առարկան» Օսմանյան կայսրությունն էր։ Եվ չնայած այն բանին, որ օրիենտալիզմի հիմքում ընկած էր մահմեդական մշակույթը, այս ժանրի նկարիչներն անտարբեր չեն անցել նաև հայերի կողքով։

Առաջին գեղանկարիչը, ով իր աշխատանքներում ցույց է տվել օսմանների կյանքը, ֆլամանդական ծագում ունեցող ֆրանսիացի Ժան Բատիստ Վանմուրն էր։ 1699 թ. նա Օսմանյան կայսրությունում նշանակվել է Ֆրանսիայի դեսպան։ Նա կարողացել է շատ կտավներ ստեղծել օրիենտալիզմի ժանրում և արծարծել է նաև հայկական թեմատիկան՝ ստեղծելով 4 կտավ։

«Հայկական հարսանիք», 1727-1730 թթ.

«Հայկական հարսանիք» կտավում չնայած որ ամենայն մանրամասնությամբ չէ ներկայացված հայկական ավանդական հարսանիքը, ամեն դեպքում, այն եվրոպացի դիտորդներին թույլ է տալիս մոտավոր պատկերացում կազմել դրա մասին։

Կտավը գտնվում է Ամստերդամում գտնվող Նիդերլանդների պետական թանգարանում։

Վանմուրի մյուս երեք կտավները ստեղծվել են նույն ժամանակաշրջանում։ «Հայերը թղթախաղ են խաղում» կտավում նկարիչը պատկերել է բարձր խավի առօրյան։ Այս կտավում մարդկանց դիմագծերը համեստորեն են պատկերված, սակայն փոխարենը մանրամասնորեն նկարագրված են հայերի հագուստն ու զարդեղենը։

«Հայերը թղթախաղ են խաղում»

«Զրույց» կտավում նկարիչը կարծես հակադրում է օսմանյան ինտերիերն ու տղամարդկանց արևելյան հագուստն առավել ազատ, հատուկ հայկական տարազի հետ։

«Զրույց»

Հետաքրքիր և գեղեցիկ է նաև «Գործող հայ կանայք» կտավը, որտեղ հայուհիները վառ հագուստներով են օսմանյան ինտերիերի ֆոնին։

«Գործող հայ կանայք»

Հաջորդ օրիենտալիստը, որն իր աշխատանքներում անդրադարձել է հայկական թեմատիկային, անգլիացի Ջոն Ֆրեդերիկ Լյուիսն է։ Նրա «Հայուհին Կահիրեում» կտավում հրաշալիորեն արտացոլված են հայ կնոջ կերպարի առանձնահատկությունները։ Մասնավորապես արտահայտիչ են նուրբ դիմագծերն ու բազմոցին պառկած կնոջ հագուստի դետալները։ Կտավը պահպանվում է Քաթարի օրիենտալիստական թանգարանում։

«Հայուհին Կահիրեում», 1885 թ.

Հայկական թեմատիկայով կտավների շարք ունի նաև ամերիկացի նկարիչ Ջոն Հենրի Վան Լենեպը։ Նա իր աշխատանքներում ևս պատկերել է հայ կանանց։ Այդպիսի աշխատանքներից են՝ «Հայ հարսը», «Հայուհին տանը», «Հայ գեղջկուհին», «Հայ տիկինը տանը», «Հայ ու թուրք կանայք արտասահմանում»։

«Հայ ու թուրք կանայք արտասահմանում» (ձախից) և «Հայ տիկինը տանը» (աջից)

Օրիենտալիզմի վառ ներկայացուցչի ՝ ամերիկացի Ֆրեդերիկ Արթուր Բրիջմանի «Հայուհին» կտավը հայկական թեմատիկայով ամենահաջողված պատկերն է։ Այն փոքր-ինչ շեղվում է բուն օրիենտալիզմից՝ ներկայացնելով գեղեցկուհուն բարձրագույն գեղարվեստական արտահայտչականությամբ։

«Հայուհին», 1885 թ.

Հայուհիներին իրենց աշխատանքներում պատկերել են ոչ միան օրիենտալիզմի հետևորդները։ Ամերիկացի դիմանկարիչ Ռալֆ Քլարքսոնը հայ երգչուհի Նվարդ Ձերոն Կոշկարյանին է պատկերել՝ աշխատանքն անվանելով «Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը»։ Ներկայումս կտավը գտնվում է Չիկագոյի պատկերասրահում։

«Նվարդ Ձերոն՝ Հայաստանի դուստրը», 1912 թ.

Եվս մեկ աշխատանք, որն արտացոլում է հայ կնոջ գեղեցկությունը եվրոպական արվեստում՝ ֆրանսիացի դիմանկարիչ Շառլ Լանդելի «Հայուհին» կտավը։

«Հայուհին», 1866 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել