Մարտի 8-ին ընդառաջ էլի սկսվել են ֆեյսբուքյան կոչեր. ժողովուրդ, հանկարծ եթե ուսուցիչները ծաղիկ պահանջեն, անպայման տեղյակ պահեք նախարարությանը և քաղաքապետարանին։ Չենք հանդուրժելու դպրոցական կոռուպցիա։

Ինձ իսկապես հետաքրքիր է, թե երբ ծնողները դարձան էսքան էժանագին, մանր։ Ախր էդ ուսուցիչը դասավանդում է Ձեր երեխային շաբաթը ամենաքիչը 5 օր, ստանում է առավելագույնը, մաքսիմում 80.000 դրամ աշխատավարձ, հանդուրժում, երբ Ձեր երեխան անկարգ է, հետևում է նրա ուսումնառությանը։ Ու նույնիսկ եթե ծնող է կանչում, ապա դուք չեք մոռանում խոսել երեխաների իրավունքների մասին այնպիսի ճառով, կարծես ոչ թե դպրոցում եք, այլ ՄԻԵԴ-ում։ Բայց եթե նույն Ձեր երեխան նույնը անի Ձեր գլխին, քացու տակ եք գցելու։

Հա ի՞նչ։ Մանկավարժներն այսօր ամենաթերագնահատված, գերծանրաբեռնված մարդիկ են։ Հա, ծաղիկ նվիրեք։ Ե՞վ։ Հա, նվեր-քարտ առեք։ Ե՞վ։ Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ձեր բյուջեի ծախսային մասում դա ամենակորած տեղը չէ։

Հերիք է էդքան էժանագին «հակակոռուպցիոն» կեցվածք ընդունել։ Եվ մի մոռացեք, որ գումարից կարելի է հրաժարվել։ Դա՝ կամավորությամբ։ Դրա փոխարեն ասեք՝ ես առանձին նվեր եմ տալիս։ Չեք ուզում ծաղիկ, նվեր-քարտ, նվիրեք գրիչ, գիրք, սիրուն էջանիշ։ Նվիրեք ուշադրություն և հայտնեք շնորհակալություն։ Էդքան պահանջկոտ ու էդքան ապերախտ պետք չի լինել միաժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել