Այս երկու օրվա շփումներս որոշ բիզնեսմեն ընկերներիս հետ ինձ ուրախանալու եւ տխրելու առիթներ տվեցին: Ուրախանալու առիթն այն է, որ պարզեցի ինձ համար, որ խոշոր ներմուծողների եւ արտադրողների մեծ մասը վերջին մի-քանի ամիսներին մանրածախ առեւտրի ցանցեր ապրանքը տալիս են բացառապես փաստաթղթով, այսինքն դուրս են եկել ստվերից: Տխրում եմ, որ դա չի վերաբերում բոլորին եւ հատկապես՝ Սամվել Ալեքսանյանին, որի մասին տեղեկություն կա, որ իրեն պատկանող մատակարարները դեռ շատ դեպքերում նման փաստաթղթեր դուրս չեն գրում: Ու արդյունքում, մանրածախն էլ ստիպված է լինում որոշ ապրանքների համար ՀԴՄ չտրամադրել, երբեմն անգամ բռնվելով եւ տուգանվելով հարկային մարմինների կողմից: Մինչդեռ Սամվել Ալեքսանյանը գերակա դիրքեր է գրավում շուկայում եւ մանրածախի զգալի, եթե ոչ՝ մեծ մասը հենց իրենից է ապրանք վերցնում: Կոչ եմ անում հարկային մարմիններին ստուգել այս տեղեկատվությունը եւ վերացնել այս խախտումը, որովհետեւ մեկ ամիս հետո պատրաստվում եմ նորից մոնիտորինգ անել որոշ մանրածախների եւ եթե պարզվի որ իրավիճակը չի շտկվել՝ ստիպված կլինեմ այս հարցին ավելի մեծ քաղաքական հնչեղություն հաղորդել, մանավանդ որ օդում կախված տեղեկություններ կան, թե ինչու կարող էր Սամվել Ալեքսանյանը արտոնյալ կարգավիճակ ստանալ նոր իշխանությունների կողմից:
Մեկ այլ ուրախալի տեղեկություն է այն, որ հարկայինի ստորին օղակների բազմաթիվ արհեստավարժ աշխատակիցներ հեղափոխությունից հետո ու անգամ մինչ օրս էլ պատրաստ են աշխատել մաքուր, առանց կաշառքների: Տխրեցնող է այն, որ ի տարբերություն բարձրաստիճան հարկային չինովնիկների՝ նրանց վարձատրությունը չի ավելացել եւ շատերը պատրաստվում են թողնել հարկայինում իրենց աշխատանքը՝ մտնելով բիզնես:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: